Կադաստրով իմ հողատարածք չեմ կարողանում մտնել․ Տեղ համայնքի ավագանու անդամն ահազանգում է

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչները հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ («Ապրելու երկիր» կուսակցությունից) Մասիս Զեյնալյանը։

«Գյուղի մեծ մասն աշխատում էր Արցախում, հիմա մնացել են անգործ, ընկել են վարկերի տակ, չեն կարողանում ոչինչ անել»,– ասաց նա։
Մասիս Զեյնալյանը տեղեկացրեց, որ այս պահին Տեղ համայնք ազատ մտնել հնարավոր է, բայց դեպի արոտավայրեր գնալ նրանց թույլ չեն տալիս, քանի որ դրանց մեծ մասը գտնվում է թշնամու տիրապետության տակ։

«Սեփական հողում դարձել ենք կալանավոր։ Կոնկրետ կադաստրով իմ հողատարածք ես չեմ կարողանում մտնել։ Թշնամին այդ հողի վրա է։ Արդեն ամրաշինական աշխատանքներ են արել, վրաններ են խփել, դրոշը դրել են»,– ասաց ավագանու անդամը։ Մասիս Զեյնալյանը ԶԼՄ-ների միջոցով կոչ արեց ՀՀ ԱԺ և ՀՀ կառավարության անդամներին այցելել Տեղ գյուղ։

«Թող գան, նստենք, խոսենք, հասկանանք ինչ ենք անելու։ Համայնքի ղեկավարը չի բանակցում ոչ մեկի հետ, ավագանու արտահերթ նիստ չի անում, որ հասկանանք մեր սպասելիքները»,– ասաց նա։
Խոսելով գյուղում տրամադրվածության մասին` նա ասաց, որ մարդիկ իրենց բնականոն կյանքով են ապրում, իսկ գյուղը լքելու մասին անգամ չեն մտածում։