Որտե՞ղ է գտնվում Հայոց Ցեղասպանության թանգարանից անհետացած արժեքավոր գողոնը. Արարատ Միրզոյանին ու Վլադիմիր Վարդանյանին առնչվող քրեական գործի ճակատագիրն անհայտ է

Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտից անհետացած թանգարանային խիստ հազվագյուտ 17 նմուշների ճակատագիրը շարունակում է չբացահայտված մնալ։

Դեռևս 2006 թվականին Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հայկ Դեմոյանն, իր պաշտոնավարման հաջորդ իսկ տարում՝ 2007-ին, պարզել էր, որ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի օրոք՝ 2004-ին իրականացված վերանորգման աշխատանքների ժամանակ, անհետացել էին թանգարանի հազվագյուտ նմուշներից 17-ը: Դեպքից երկու տարի անց Դեմոյանը դիմել էր դատախազություն, որի հիման վրա քրեական գործ էր հարուցվել:

Հատկանշական է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում 2007 թվականի ամռանը հարցաքննվածների մեջ են եղել նաև թանգարանի երկու ասպիրանտներ՝ ներկայումս ՀՀ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանն ու Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի օրվա նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը (վերջիններս 2004 թվականին Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ասպիրանտներ էին: Տեղեկացնենք նաև, որ Միրզոյան – Վարդանյան տադեմը քավոր- սանիկ բարեկամական կապով է հայտնի), որոնց էլ ՀՑԹԻ-ի նախկին տնօրենը համարում էր գլխավոր կասկածյալներ:

Արդեն 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո նախաձեռնվում է նաև Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրենի փոփոխության գործընթաց, որի արդյունքում նախկին տնօրեն Հայկ Դեմոյանին փոխարինելու է գալիս ազգագրագետ, սկանդալային և խնդրահարույց նախաձեռնություններով հայտնի, իշխանամերձ օղակների վստահելի Հարություն Մարությանը, որին հաջորդում է ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը՝ Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ֆոնդերում կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ ԿԳՄՍ նախկին նախարարը նպատակահարմար էր գտնում թանգարանի հիմնական ֆոնդերի մաս կազմող գրականությունն, այդ թվում նաև՝ գրքերն ու մամուլը հանել հիմնական ֆոնդի հաշվառումից, ստեղծել գրադարան, իսկ դրանում ներառված առարկաներին տալ սովորական թանգարանային առարկայի կարգավիճակ: Այսինքն, ենթադրվում էր, որ նախկին նախարարի վերոհիշյալ նախաձեռնության արդյունքում, թանգարան ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը խախտվելու էր:

Թագարան- ինստիտուտի գլխավոր ֆոնդերի անձեռնմխելիության վերաբերյալ առաջացած մտահոգություններին ի պատասխան, նախկին նախարար Արայիկ Հարությունյանն Ազգային Ժողովի բարձր ամբիոնից մի շարք խնդրահարույց ու ըստ էության հակապետական հայտարարություններ կատարեց, հրապարակելով, որ Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փակ ֆոնդերից որոշ նմուշներ են անհետացել։

Խիստ մտահոգիչ հարցի առնչությամբ, դեռևս 2020 թվական հուլիսին, «Փաստինֆո» լրատվականը խոսեց նաև ԿԳՄՍ ոլորտը համակարգող փոխնախարար Նարինե Խաչատուրյանի հետ, ով լրագրողի հարցին՝ տեղյա՞կ է ինքն, արդյոք, որ դեռևս 2007 թ. հունիս ամսին, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի նախաձեռնությամբ քրեական գործ էր հարուցվել 2004թ. ՀՑԹԻ գրադարանից 17 միավոր հազվագյուտ գրականության կորստի փաստով և տեղի էին ունեցել քննչական գործողություններ, հարցաքննվել էին թանգարանի ֆոնդերի պատասխանատուները և այդ տարվա ասպիրանտներ Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը, փոխնախարարը պարզապես արձագանքել էր. «Դե կորուստը պետք է հայտնաբերվի։ Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին ես առաջին անգամ ձեզանից եմ լսում», – ասել էր ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։

Տեղեկացնենք, որ Հայոց Ցեղասպանության թանգարան – ինտիտուտից անհետացած հազվագյուտ 17 նմուշների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել էր:

Հասկանալու համար արդյո՞ք նյութի առնչությամբ նոր բացահայտումներ կամ զարգացումներ տեղի չեն ունեցել, «Փաստինֆո» լրատվականն այսօր կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամլո ծառայության հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կառույցի մամլո խոսնակն ասաց, որ վերահիշյալ գործի մասին առաջին անգամ է լսում եւ դեպքի առնչությամբ հավաստի և ամբողջական տեղեկություն ստանալու համար խոսնակն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել, ինչն էլ լրատվամիջոցը կանի ամենամոտ ապագայում։

Տեղեկացնենք նաև, որ Հայոց Ցեղասպանության թանգարան – ինտիտուտից անհետացած հազվագյուտ 17 նմուշների վերաբերյալ հարուցված քրեական գործի մանրամասների մասին առաջիկայում «Փաստինֆո» -ն կներկայացնի նաև թանգարան – ինստիտուտի նախկին տնօերն Հայկ Դեմոյանի հետ հարցազրույցը։

Աղբյուր` Փաստինֆո