Աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես. Սիմոնյանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու խոսակցությունների մասին

Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դեմ հատուկ որևիցե քայլ չի արել, իսկ Ազգային ժողովը Հռոմի ստատուտը վավերացնելու մասին քննարկում չի ունեցել։ Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք միշտ մեզ պահել ենք որպես դաշնակից ու Ռուսաստանի դեմ հատուկ որևիցե քայլ չենք արել»,- նշել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակել Հայաստանում Պուտինին ձերբակալելու մասին խոսակցությունները.

«Այնպես չէ, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի այդ բեռը, դա աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես, ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, ինչը թույլ է տալիս մեզ այսօր նաև քննադատել ՌԴ որոշ դիրքորոշումներ ու գործողություններ, որոնք անհասկանալի են մեր համար։ Հռոմի ստատուտը արագ վավերացնելու անհրաժեշտություն Հայաստանն այսօր չունի։ Դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ, որի իմաստն ու ՕԳԳ-ն ես չեմ հասկանում։ Հայաստանն այս հարցում չպետք է պիոներ լինի, նման քայլ անելը ես ճիշտ չեմ համարում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով դիտարկմանը, թե փաստորեն Հռոմի ստատուտի վավերացմամբ, եթե ՌԴ նախագահը այցելի ՀՀ, Հայաստանը պարտավոր է ձերբակալել նրան, հայտարարել էր «Նախ ինքը չի գա, ոչ էլ Հայաստանը իրեն կձերբակալի: Եթե մենք մտնում ենք էդ պայմանավորվածությունների մեջ, ուրեմն պետք է կատարենք մեր պարտականությունները»:

Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ չի գա Հայաստան, պատգամավորը պատասխանել էր. «Ես ուզում եմ, որ չգա: Եթե մենք ստորագրել ենք այս փաստաթուղթը, ավելի լավ կլինի չգա: Եթե եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»։