Ես ադրբեջանական դրոշներ եմ տեսել Հայաստանի բարձունքներին. Լորան Վոքե

Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոքեն վկայում է՝ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը։ Այս մասին նա հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ Երևանում մարտի 31-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Լորեն Վոքեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ և Լաչինի միջանցքի սկզբնամաս։

«Ես Հայաստանի և Արցախի բարեկամն եմ երկար տարիներ։ Խորապես ցնցված եմ նրանով, ինչ տեղի է ունենում։ 2019թ. հանդիպել ենք Արցախի ներկայացուցիչների հետ և ստորագրել համագործակցության համաձայնագիր։ Իմ շրջանում որդեգրվել է քաղաքական դիրքորոշում՝ Արցախի անկախության իրավունքի հաստատման համար։ Դրա պատճառով իմ և ընտանիքիս վրա պանթյուրքական կազմակերպությունները փորձել են ճնշում գործադրել։ Միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և վտանգ կա, որ Հայաստանն ու Արցախը կմոռացվեն։ Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ մենք ձեզ չենք մոռանում, դուք մենակ չեք, և իրավունքների խախտումներ Հայաստանում, Արցախում և Լաչինի միջանցքում չպետք է լինեն»,- ընդգծել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ երկու օր առաջ այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս։ «Իմ հայրենակիցները պետք է իմանան, որ 120 հազար մարդու իրավունքները ոտնահարվում են, նրանք զրկված են տարրական պահանջմունքները բավարարելու հնարավորությունից։ Ես Սյունիքի մարզպետի կողքին էի, երբ նրան տեղեկացրին, որ այնտեղ, ուր մենք էինք, Ադրբեջանն առաջ է գնացել։ Ես տեսել եմ և կարող եմ վկայել իրավունքների խախտման մասին։ Ինչպես և տեսել եմ ադրբեջանական դրոշներ հայկական տարածքի բարձունքներում։ Զրուցել եմ Արցախից տեղահանվածների հետ, նրանց խոսքերը հուզում են մինչև հոգուս խորքը։ Մեր և իմ՝ որպես քաղաքական գործչի պարտականությունն է՝ օգնության գալ ձեզ»,- ասել է Վոքեն։