ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններին մասնակցել է նաև Հայաստանը

ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների նախապատրաստման առաջին շտաբային բանակցությունները։ Տեղեկանում ենք շտաբի մամուլի ծառայությունից։

Մարտի 28-30-ին անցկացված բանակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:

2023 թվականին ՀԱՊԿ զորքերի հետ զորավարժությունները կանցկացվեն «Մարտական եղբայրություն» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության տեսքով։ Նշվում է, որ սա կազմակերպության ձևաչափով համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են համատեղ վարժանքների անցկացման գաղափարների հիմունքները, զորավարժություններում ներգրավված հրամանատարավերահսկիչ մարմինների և զորքերի կազմը, ղեկավարության կազմակերպման հարցերը, ինչպես նաև համատեղ և հատուկ զորավարժություններին համակողմանի աջակցությունը։

«Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակներում պլանավորվել են համալիր միջոցառումներ։

Նաև Բելառուսի Հանրապետության տարածքում նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ՝ համատեղելով ՀԱՊԿ զորքերի տարբեր բաղադրիչների պատրաստումը:

Հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության ավարտական փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը:

Ղրղզստանի տարածքում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները՝ խաղաղապահ գործողության անցկացմամբ։