Հայ մարմնամարզիկները Թուրքիայում անցկացվող աշխարհի առաջնությունում 4-րդ տեղն են գրավել
Անթալիայում մեկնարկած մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության մրցումների առաջին օրը թիմային պայքարում որոշվել են չեմպիոնն ու մրցանակակիրները։
Հայաստանի երիտասարդական հավաքականը, որի կազմում հանդես են եկել Էրիկ Բաղդասարյանը, Մամիկոն Խաչատրյանը, Համլետ Մանուկյանը, հիանալի ելույթ է ունեցել ու, վաստակելով 159, 161 միավոր (հանրագումարում), զբաղեցրել 4-րդ տեղը։ Նրանցից յուրաքանչյուրն էլ 6 գործիքի վրա է ելույթ ունեցել։
Երրորդ տեղը զբաղեցրած Իտալիայի հավաքականին մեր մարմնամարզիկները զիջել են 437 հազարերորդական միավորով, ինչը թիմային պայքարում աննախադեպ ուժեղ ու բարձր արդյունք է։ Հայաստանի երիտասարդական հավաքականը առաջին անգամ է մասնակցել թիմային պայքարին։
Չեմպիոն է դարձել Ճապոնիայի հավաքականը, երկրորդ տեղն է զբաղեցրել Չինաստանի թիմը։