Իրանը և Ռուսաստանը ապրիլին կհամաձայնեցնեն ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախագիծը․ Աբդոլահիան

Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագծի համաձայնեցման վերջնական փուլում են: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են ճիշտ ճանապարհով, բարձրաստիճան պատվիրակությունները տարբեր մակարդակներում հանդիպում են, քննարկում տարբեր հարցեր, երկու երկրների ղեկավարները մշտապես անմիջական շփման մեջ են:

ԱԳ նախարարը հույս ունի, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի նախագիծը վերջնականապես կհամաձայնեցվի հաջորդ ամիս: «Ես շատ երախտապարտ եմ, որ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագիծը քննարկվել և հաստատվել է Ռուսաստանում: Մենք հուսով ենք, որ այդ համաձայնագիրը կստորագրվի»,-ասել է նա։