Հայաստանի գյուղատնտեսությունը վերացնելն ու գյուղերը դատարկելը շատ ավելի վտանգավոր ծրագրի մաս է

Վերջին մի քանի տարիների ընթացքում վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներում թերևս ամենատխուր ցուցանիշը գյուղատնտեսությանն է վերաբերում, մինչ տնտեսության մյուս ճյուղերը քիչ թե շատ աճ են գրանցում կամ գոնե պահպանում կայուն ցուցանիշներ, գյուղատնտեսությունն անկում է ապրում, գյուղացու վիճակը տարեցտարի վատթարանում է, դատարկվում են գյուղերը, քանի որ գյուղատնտեսությունը չի կարողանում եկամուտ ապահովել գյուղաբնակների համար: Բնականաբար, ապրուստի միջոցի փնտրտուքներով գյուղացին հեռանում է գյուղից՝ այն ամայի հողատարածքների վերածվելու վտանգի առաջ թողնելով: Պատճառը թերևս պետական հոգածության բացակայությունն է, եթե չասենք գյուղատնտեսությունը վերացնելու միտումը: Ասածը հիմնավորելու համար բավական է հիշեցնել, երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, առաջին հակապետական ծրագիրը գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունները որպես կարևոր ու ռազմավարական գերատեսչություններ, վերացնելն էր, իր կառավարման հետագա տարիներին էլ գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակի մատնելը: Նա իր կամակատար նախարարների խոսույթով բացեիբաց նշում է, որ իր համար գյուղը, գյուղատնտեսությունը ամենևին գերակա չէ Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ավելին, ներկայիս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քանի անգամ կաշվից դուրս եկավ գյուղացուն համոզելու, որ գյուղատնտեսությունն իր բանը չէ, թող վեր կենա գա մայրաքաղաք, որտեղ իր համար նախարարն անձամբ լավ աշխատանք կգտնի: Արդյո՞ք այլ կերպ հնարավոր է բացատրել պարոն նախարարի հայտարարությունները, ակնհայտ է, որ նա գյուղատնտեսությունը որպես տնտեսության կարևոր բաղադրիչ չի դիտարկում: Այս իշխանությունների համար գոյություն ունի միայն տնտեսության մեկ ճյուղ՝ առևտուր, քանի որ իրենք էլ հոգով ու բարոյականությամբ առևտրական են, վաճառում են հոգին, հայրենիքը, խիղճը… Պարզ է, որ Նիկոլի թիմից որևէ մեկի կարծիքը ոչ թե նրա սեփականն է, այլ Փաշինյանի մտքի գոհարը, քանի որ քպ-ում այլ կերպ մտածելը հղի է վտանգավոր հետևանքներով: Հետևաբար, Փաշինյանը իշխանության գալուց արդեն նախանշել էր, որ գյուղատնտեսությունը լինելու է իր այն հանրահայտ ցուցակոմ, որտեղ ըստ հերթականության նշված են կործանման, քանդման ենթակա ոլորտները: Իհարկե, ամենակարևորը դրանցից բանակն էր, որին մենք առանձին հրապարակումներով արդեն անդրադարձել ենք: Բայց տնտեսագետները կփաստեն, որ գյուղատնտեսությունը պակաս կարևոր գործոն չէ երկրի անվտանգության համար՝ պարենային անվտանգության նկատառումով: Քովիդը դա ապացուցեց աշխարհին, երբ փակվեցին երկրները, պետությունների պարենային ինքնաբավության խնդիրն առավել սուր արտահայտվեց: Բայց անգամ այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները չկարևորեցին գյուղատնտեսության զարգացումը՝ աջակցելով միայն այլ ոլորտների շահառուներին՝ հիմնականում ՏՏ և սպասարկման:

Մինչդեռ, Փաշինյանի իշխանությունը վատ ժառանգություն չէր ստացել նախկին իշխանություններից, որոնք գյուղատնտեսությունը իրենց կառավարման վերջին տարիներին գերակա ոլորտ էին հայտարարել,ավելի կարևոր, քան այս իշխանությունների սիրելի ՏՏ ոլորտը և տարատեսակ ծրագրեր իրականացնելով, այդ թվում սուբսիդավորելով գյուղատնտեսական վարկերը (Փաշինյանի կառավարությունը սուբսիդավորման ծրագիրը շատ համարեց հայ գյւողացու համար և դա էլ փակեց), հենց Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարությունը նպաստեց ոլորտի զգալի առաջընթացին: Այդ տարիներին բավականին աշխուժություն էր տիրում գյուղատնտեսության ոլորտում: Հիշենք, որ գյուղատնտեսական արտադրությունը հենց նախկինների օրոք թափ հավաքեց ու դարձավ մրցակցային: Գյուղատնտեսական արտադրանքը մեծ պահանջարկ ունենալով արտերկրում, նաև մեծ ծավալներով սկսեց արտահանվել: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունն այնքան ինքնաբավ էր, որ դրսից գյուղատնտեսական մթերքներ ներկրելու պահանջարկը գրեթե զրոյի էր հասել: Մեկ կարևոր հանգամանք էլ՝ դաշտն այնքան հագեցած էր, որ գյուղմթերքները մեծ ծավալ էին կազմում սպառողական զամբյուղում՝ լինելով մատչելի ու հեշտ հասանելի: Իսկ այսօր դրանք ամենաթանկ սննդամթերքն են դարձել՝ աննախադեպ գնաճի հետևանքով: Այդպիսով նաև քիչ թե շատ լուծվում էր բնակչության պարենային անվտանգության հարցը, քանի որ գյուղմթերքներն առաջին անհրաժեշտության սննդամթերքների ցանկում են:

Ի դեպ, սպանդանոցները, որոնցով այդքան պարծենում են այս իշխանությունները, ևս նախկինների օրոք ստեղծվեցին և բավականին մեծ դիմադրության արժանացան այսպես կոչված ընդդիմադիրների կողմից, որոնք այսօր արդեն իշխանության իրավունքով այդ նախաձեռնությունը իրենց են վերագրում: Իսկ սպանդանոցների նպատակը մսամթերքի շուկան հնարավորինս անվտանգ ու վերահսկելի դարձնելն էր:

Այն, ինչ այսօր կա գյուղոլորտում, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ստեղծվածի շնորհիվ է, ինչը Փաշինյան Նիկոլը դեռ չի հասցրել զրոյացնել ու հավասարեցնել հողին: Բայց գյուղում արդեն մարդիկ զգում են նրա կառավարման հետևանքները՝ վերացնելով իրենց տնտեսությունը, որովհետև այն այլևս եկամտաբեր չէ, որովհետև պետությունն այլևս գյուղացու կողքին չի կանգնում, այլ ասում է՝ կարողանո՞ւմ ես բիզնես անել, արա՛, չե՞ս կարողանում, թո՛ղ գյուղը, գնա՛ քաղաք: Հիշո՞ւմ եք, մի ժամանակ էլ կար, երբ Նիկոլը գյուղացուն համոզում էր մոշի հետ անգլերեն խոսել, որպեսզի այն լավ աճի: Գյուղացին, իհարկե, անգլերեն չսովորեց, որովհետև հասկացավ, որ ավելի հեշտ է թքել ու հեռանալ, քան թույլ տալ, որ սեփական երկրի քաղաքական այրերը ծաղրեն իրեն: Բայց Նիկոլենք դրանից բնավ չեն սրտնեղում, քանի որ նպատակասլացորեն իրենց պետականաքանդ ծրագիրն են իրականացնում: Իսկ արդյո՞ք Հայաստանի գյուղատնտեսությունը վերացնելն ու գյուղերը դատարկելը շատ ավելի վտանգավոր ծրագրի մի մասը չէ: Օրինակ՝ գյուղերը մեր թշնամուն նվիրելու…

Թագուհի Ասլանյան