ՌԴ-Սիրիա-Թուրքիա-Իրան փոխարտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ ապրիլի սկզբին

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում ապրիլի սկզբին: Այս մասին «Риа Новости»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։

«Նախապատրաստում ենք։ Կարծում եմ` ապրիլի սկզբին։ Մոսկվայում: խորհրդակցություններ կլինեն նախարարների հանդիպման նախապատրաստման համար»։

Դեկտեմբերին ՌԴ-ում կազմակերպվել էին վերջին 11 տարում Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների 1-ին բանակցությունները:

Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր ՌԴ-ի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հունվարին Անկարան ենթադրում էր, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ փետրվարի սկզբին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հնարավոր համարեց, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, ՌԴ-ի և Սիրիայի` բարձր մակարդակով ծրագրվող բանակցություններին: