Հազարավոր ցուցարարներ ճեղքել են շրջափակումը Նեթանյահուի նստավայրի մոտ
Իսրայելում դատական բարեփոխման դեմ բողոքող հազարավոր ցուցարարներ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ ճեղքել են ոստիկանական շղթան, հաղորդում է The Jerusalem Post թերթը:
Ցուցարարները փակել են Թել Ավիվում գտնվող Այալոն խոշոր ավտոմայրուղին և ներխուժել Երուսաղեմում կառավարության ղեկավարի նստավայրի շենք։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում ցուցարարներին ցրելու համար։
Հերթական զանգվածային բողոքի ակցիան սկսվել է կիրակի երեկոյան, երբ վարչապետը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին, որը նախօրեին հրապարակավ դեմ էր արտահայտվել իրավական համակարգի բարեփոխմանը:
Բողոքի շարժման կազմակերպիչները հայտարարել են «կաթվածահարության շաբաթ», որը ենթադրում է լայնածավալ բողոքի ակցիաներ ամբողջ երկրում:
Իսրայելցիները դեմ են կառավարության կողմից սկսված բարեփոխումներին արդեն տասներկուերորդ շաբաթն անընդմեջ: Նախօրեին Թել Ավիվում բողոքի ցույցերին միացած ցուցարարների թիվը հասել է 200 հազարի ։
Դատական համակարգի բարեփոխումը նախարարների կաբինետի կողմից հայտարարվել էր անցած տարվա վերջին՝ Նեթանյահուի երրորդ կառավարության երդումից անմիջապես հետո:
Եթե նոր օրենքներն ընդունվեն այնպես, ինչպես այժմ քննարկվում են Քնեսեթում (խորհրդարանում), դա կհանգեցնի իշխանությունների տարանջատման նոր սկզբունքի առաջացմանը:
Նեթանյահուի առաջարկած նախաձեռնությունները զգալիորեն կսահմանափակեն Գերագույն դատարանի լիազորությունները, ինչպես նաև թույլ կտան իշխանություններին վերահսկել դատավորների նշանակման գործընթացը: