Երեք պատճառ, թե ինչու պետք է թեղիներն ու հացենիները փոխարինել սակուրայով․Բեգոյանի մտքի փայլատակումները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ընթացքում պարզաբանեց, թե ինչու են ընտրվել հենց սակուրայի տնկիները՝ կտրված թեղիների ու հացենիների փոխարեն։

«Նախ մայթը այդտեղ բնաբաժակից մինչև շենքի պատ 1 մետր է, շատ նեղ է։ Բացի այդ մենք գիտակցված ընտրել ենք այնպիսի ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ, որովհետև կան չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն՝ մարդկանց լույսը չփակելու համար և այլն։

Աղմուկ բարձրացրած անձանց կողմից առաջարկված ծառերը մեծ սաղարթ ունեին, նախ չէին տեղավորվի և մի քանի տարի անց իրենց հզոր արմատային համակարգով համ կքանդեին շենքի հիմքը, համ էլ կփակեին շենքում ապրող քաղաքացիների լույսը»,- ասաց Բեգոյանը։

Հաջորդ պատճառը, որ այդ փողոցում ընտրվել է սակուրաներ տնկելու որոշում, ըստ Բեգոյանի այն է, որ այդ փողոցի շարունակությունը արդեն գրեթե 10 տարի տնկված են սակուրաներ, որով հմայվում են մեր քաղաքացիները և շատ շուտով կսկսեն նկարվել ու տեղադրել իրենց սոցիալական ցանցերում։

«Պաշտպանելու համար ամբողջ փողոցի գեղագիտական տեսքը, մենք կարծում ենք, որ փողոցները պետք է պատված լինեն մեկ տեսակի ծառատեսակներով, ամեն փողոցն իր տեսակի:

Եվ երրորդ պատճառն այն է, որ այդտեղ տեղադրված է Թամանյանի արձանը։ Մեծն Թամանյանը վարդագույն Երևանը գծագրող մեր ճարտարապետն է ու քանի որ սակուրաները ծաղկման շրջանում վարդագույն են, նաև դա է դրդապատճառ հանդիսացել»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը։

Նա հավելեց, որ սակուրաներն ավելի երկար են ապրում, քան թեղիները, ինչը նույնպես շատ կարևոր է:

Բեգոյանը նշեց, որ գիտնականները պնդում են, որ այդտեղի ծառերը կենսունակ չէին և ենթակա էին փոխարինման. «Ընդհանուր առմամբ հատվել է 31 ծառ: Դրան գումարած 8 ծառ, որոնք եղել են ավելի փոքր և տարբեր տեսակների, հանվել է և տեղափոխվել է մեր տնկարան: 4 բնաբաժակ եղել է դատարկ, վաղուց կտրված կոճղեր են եղել, որոնք ևս փոխարինվել են: Արդյունքում տնկվել է 41 սակուրա տեսակի ծառ, անցկացվել է 600 գծամետր ոռոգման համակարգ: Միացումները  տրված չեն, սպասում ենք ջրամատակարարմանը»,-ասաց Բեգոյանը: