Մինչ Հայաստանը «գնդակ է տշում», Ադրբեջանը զինվում և դիրքային առաջխաղացում է ապահովում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

«2020 թ․ պատերազմից հետո մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված այդ թեզը, թե խաղաղության դարաշրջան կարող է բացվել մեր տարածաշրջանում, ակնհայտ սուտ էր և մանիպուլիացիա էր ընտրություններում հաղթանակի հասնելու համար։ Երկու-երեք տարի անց մենք տեսնում ենք, որ ոչ մի խաղաղության դարաշրջանի մասին խոսք չի կարող լինել, անընդհատ կրակոցներ են հնչում, անընդհատ թշնամին խախտում է հրադադարի պայմանագիրը, բացի դրանից՝ արդեն բուն Հայաստանի տարածքի նկատմամբ որոշակի նկրտումներ ունի թշնամին և ակնհայտորեն դա չի թաքցնում․ ամենաբարձր մակարդակով՝ անգամ նախագահ Ալիևի կողմից ասվում է, որ Հայաստան գոյություն չունի, կա արևմտյան ադրբեջան։ Սա նշանակում է, որ այլևս խնդիրը Արցախի վերաբերյալ չէ, խնդիրն ընդհանուր՝ Հայաստան լինել-չլինելու վերաբերյալ է։ Եվ սա մենք պետք է հասկանանք, մեր հայրենակիցները պետք է հասկանան»,- խոսելով մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշի-Լիսագոր հատվածում՝ Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների հերթական ոտնահարման, փաստաթղթով ամրագրված շփման գծի խախտման և Արցախի Հանրապետության տարածքում որոշակի դիրքային առաջխաղացում ապահովելու, ինչպես նաև մարտի 26-ին գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների վրա կրակահերթ բացելու մասին, ընդգծեց միջազգայնագետը, հավելելով, որ իշխանությունից նա ակնկալիք չունի, քանզի չի բացառվում, որ նրանք հստակ հրահանգ են ստացել ներսից քայքայել մեր պետականությունը և հասցնել այն վիճակի, որ այլևս Հայաստանը գոյություն չունենա։

Անդրանիկ Հովհաննիսյանը նաև հասարակության ուշադրությունը սևեռեց մի ցավալի փաստի, իրողության վրա, որն այսօր առկա է մեզանում․ «Ցավալի է այն, որ զոհերը դարձել են հերթական փաստեր։ Սա շատ ցավալի է, մենք իրականում կորցրել ենք հայրենակից, սահմանում ենք կորցրել մեր հայրենակցին։ Դրան պետք է հետևեր շատ խիստ պատասխան՝ մեկի փոխարեն պետք է 10 թշնամի զոհվեր նույն օրը, բայց մենք ուղղակի դա նշում ենք, անցնում է, գնում, նոր փաստեր են ի հայտ գալիս, որ էլի զոհվել է ինչ-որ զինվոր։ Իշխանություններին և թշնամուն հաջողվել է անել այնպես, որ այս ամենը մեզ համար դառնա ուղղակի նորություն, ուղղակի փաստ, որի մասին մենք խոսում ենք։ Հիշեք՝ առաջ էսպիսի բան չկար․ եթե մեկ հոգի զոհվում էր սահմանին, դրանն հետևում էր շատ խիստ պատասխան»։

Բանախոսի հետ նաև անդրադարձ է կատարվել ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպմանը և Սերգեյ Լավրովի հնչեցրած որոշ կարևոր մտքերին։

Խոսել ենք նաև ֆուտբոլային դիվանագիտության շուրջ այս օրերի ակտիվ քննարկման մասին, երբ փորձ է արվում զուգահեռներ տանել 2008-2009 թթ․ Սերժ Սարգսյանի բանակցության և մեր օրերին Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության միջև, ինչին ի պատասխան միջազգայնագետն ընդգծեց, որ իրար հետ ոչ մի առնչություն չունեցող գործընթացներ են՝ բերելով այդ ամենը փաստող մի շարք ապացույցներ և հավելելով, որ այսօրվա բանակցություն կոչվածը պարզապես խայտառակություն է։

Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև մարտի 26-ին Հայաստանի 2 համայնքներում՝ Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին և ՔՊ հաղթանակին։ Բանախոսը խորհուրդ տվեց հետաքրքրվել հոգեբանից այդ սինդրոմի մասին, թե ինչու է հայ ժողովուրդը նման դրսևորում ցուցաբերում, մանավանդ Իշխանասարում։ Իր կարծիքով սա պարզապես սեփական սխալը չընդունելու և չբարձրաձայնելու համախտանիշ է, որը հղի է կործանարար հետևանքներով․ «Մարդկանց զգալի մասը դրան պատրաստ չէ, տարբեր պատճառներով պատրաստ չէ։ Հիմա մեր հայրենակիցների զգալի մասը պատրաստ չէ ընդունել և հրապարակավ խոստովանել, որ իրենք սխալ են, դրա համար նույն սխալը անընդհատ կրկնում են, որ մարդկանց ապացուցեն, որ չէ ես ճիշտ էի, մինչև վերջ գնալու եմ սենց, 2018-ին Նիկոլին հավատացել եմ, ինքն էդ խոստումները տվել է, մինչև վերջ գնալու եմ ես։ Անգամ հասկանալով, որ «մինչև վերջը» գալու է, շատ դաժան է լինելու էդ վերջը և հենց իրենց համար է դաժան լինելու։ Ես չեմ սպառնում, վախեցնում, ես փաստերն եմ արձանագրում․ տեսեք՝ Ջերմուկի հետ ինչ տեղի ունեցավ, իսկ ընդամենը մի քանի տարի առաջ Ջերմուկը գտնվում էր շատ հեռու էդ  կրակոցներից, բայց այսօր այդ կրակոցներն արդեն Ջերմուկում են տեղի ունենում, վաղը մյուս օր Վարդենիսում են տեղի ունենալու, հետագայում Սիսիանում, Տավուշի մարզում, Արարատի մարզում, որովհետև թշնամին ունի հստակ ծրագիր և իր ծրագիրը քայլ առ քայլ իրականացնում է, իսկ մենք մեր տեղում կանգնած ենք, չենք շարժվում, ոչինչ չի արվում, իսկ եթե արվում է, դրա մասին ուղղակի խոսվում է, բայց փաստացի ոչինչ դրա տակ չկա՝ դատարկություն», – ամփոփեց Հովհաննիսյանը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում