Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ ՄԽ նիստում ընդգծել է Արցախում ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմների գործարկման հրամայականը

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ մարտի 23-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի սրմանն ուղղված Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ստանձնած պարտավորությունների խախտումները» ընթացիկ հարցը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում իրավիճակի սրմանը և մարտի 22-ին հակառակորդի կրակոցից ՀՀ զինծառայողի մահացու վիրավորման դեպքին:

«ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է, որ 2020թ. ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունված եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ հայ գերիներին, պատանդներին, մինչ օրս ապօրինի անազատության մեջ պահելուց մինչև Լաչինի միջանցքի և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելը:

Արմեն Պապիկյանն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշմանը, որով Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,- ասվում է հաղորդագրության մեջ: