«Ծառուկյան» հիմնադրամի հետ հուշագիր ենք կնքել. ԿԳՄՍ նախարար

Մենք «Ծառուկյան» հիմնադրամի հետ հուշագիր ենք ստորագրել, որն ուղղված է հենց տեղում հայտնաբերված հնավայրի պեղումներին: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Հատիս լեռի գագաթին Հիսուսի արձանի կանգնեցվելու մասին հարցին:

«Արդեն մեր տեղեկություններով ստորագրվել է պեղումների համաձայնագիրը «Ծառուկյան» հիմնադրամի և մեր համապատասխան գիտահետազոտական կառույցի հետ, որը կարող է պեղումներն իրականացնել: Մեր տեղեկություններով՝ համապատասխան եղանակային պայմանների լինելուն պես դրանք իրականացվելու են:

Հուշագրով հստակ արձանագրված է, որ պեղումների արդյունքներից ելնելով, եթե մասնագիտական եզրակացությունը կլինի, որ դա հնարավոր է վերականգնել, ամրակայել, ապա պետք է նաև իրականացվեն այդ աշխատանքները: Եվ դրանից հետո միայն կքննարկվեն բոլոր այլ նախագծերը: Այսինքն մենք այս պահին խոսում ենք մշակութային ժառանգության ամբողջական ուսումնասիրության, դրա հետագա ճակատագրի որոշման մասին, որից ածանցյալ են լինելու բոլոր մյուս նախագծերը»,-ասաց նա:

Ժաննա Անդրեասյանը ցավով արձանագրեց, որ կան տեղեր, որ մարդիկ դամբարանադաշտերով ջրատար են անցկացնում, որը ուղղակի շատ վնասակար է մշակությաին ժառանգության համար: «Ունենք տեղեր, որտեղ մարդիկ վերցնում- տեղափոխում են խաչքարեր, խոնարհված եկեղեցիների ինչ-որ մասեր: Սա անում են նաև մեր քաղաքացիները, ոչ պաշտոնյաներ, ոչ  իշխանավորներ, ոչ տարբեր կարողության տեր մարդիկ:Այսինքն սա բոլորիս խնդիրն է, թե մենք ինչ հանրային վարքականոն ունենք մեր մշակութային ժառանգության վերաբերյալ, ինչպես ենք մեր երեխաներին դաստիարակում, թե ինչպես իրենք պետք է վերաբերվեն իրենց միջավայրի պաշտպանությանը»: