ԱՄՆ-ին լրջորեն անհանգստացրել է Սի Ծինփին այցը Ռուսաստան․ Պենտագոն

ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Մոսկվա կատարած այցով, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Նրա խոսքով, Վաշինգտոնը ուշադիր հետևում է, թե արդյո՞ք Պեկինը սկսել է ռազմական մատակարարումներ անել Ռուսաստանին։

«Սիի ուղևորությունը Պուտինի մոտ, և այն, որ նա այնտեղ երկու օր է անցկացրել, կարծում եմ, շատ տագնապալի ազդանշան է, աջակցության ազդանշան։ Մենք հիմա նրանց կողմից Ռուսաստանին նյութական օգնություն չենք տեսնում, բայց շատ, շատ ուշադիր հետևում ենք դրան։ Եթե նրանք ընտրեն այդ ճանապարհը, ես կարծում եմ, դա շատ մտահոգիչ կլինի միջազգային հանրության համար, բայց, իհարկե, այնտեղ նրա ներկայությունը արդեն իսկ աջակցության ցուցադրություն է, որը կարծում եմ, շատ մտահոգիչ է», – Օսթինի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պետական այցը ՌԴ մայրաքաղաք ավարտվել է նախօրեին: Քաղաքական գործիչը երկու անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և բանակցություններ վարել վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: