Նախապատերազմող Հայաստանի հնարավորությունները աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանն է։

Այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրվա և Ադրբեջանի կողմից նորանոր սադրանքների և հնարավոր էսկալացիայի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շրջափակման 100-րդ օրը նշանավորեց  ԼՂ գազի մատակարարման 13-րդ  անջատումով, որին նախորդեց ԼՂ-ի էթնիկ  զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթը, «որը այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել: Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող  էթնիկ զտման եւ  ցեղասպան քաղաքականության հիմնարար հիմնավոր ապացույց է: 44-օրյա պատերազմի հետեւանքով  հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը եւ նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ»,- ասաց Փաշինյանը: Այդուհանդերձ նա նաև ընդգծեց, որ խաղաղության պայմանագիր լինելու է և  լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում  ձեռքբերված գրավոր փաստաթղթերի հիման վրա:

Քաղաքական վերլուծաբանից հետաքրքրվեցինք, թե այս ամենի համատեքստում ինչպես է որակում Փաշինյանի իրարամերժ հայտարարությունները։

Աննա Աբրահամյանը ոչ մի նորություն չի տեսնում Փաշինյանի հայտարարություններում՝ հաշվի առնելով այն նպատակները, որոնք հետապնդելիս է եղել այս իզմերից դուրս ՔՊ-ական իշխանությունը իշխանազավթումից ի վեր, և այս հայտարարությունը նույն հռետորաբանության մեջ է․ «Թալիշ գյուղում երբեք ադրբեջանցիներ չեն ապրել, Թալիշ գյուղը վարչապետի աթոռը զավթած անձի կողմից նվիրված է իր իսկ կողմից վարած պարտվողական պատերազմում, և ինքը, բնականաբար, իր քաղաքական կենսունակությունը ապահովելու համար հետամուտ է այդ խաղաղության պայմանագիր կոչվածի հաստատմանը՝ շատ ավելի մեծ ցանկություն ունենալով, որպեսզի այդ պայմանագիրը լինի անդառնալի։ Այդ պայմանագիրը անգամ եթե ստորագրվի, սա ուզում եմ ձեր, մեր լսարանին միշտ որպես աքսիոմային փաստարկ ներկայացնել, երբեք Թուրքիան կամ Ադրբեջանը պայմանագիր ստորագրելով՝ հետ չեն կանգնելու իրենց զավթողական քաղաքականությունից, այլ կերպ ասած՝ այս խաղաղության պայմանագիրը իրականում մեր պարտության շարունակությունը հաստատելով՝ կպաշտպանեն իրենց քաղաքական դիրքը, ինչից և Ադրբեջանը, և Թուրքիան կշարունակեն օգտվել՝ զավթելով մնացյալ Հայաստանը»։

Միջազգայնագետը մանրակրկիտ և համակողմանի վերլուծության ենթարկեց օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած մտքերն ու այդ համատեքստում սպասվող զարգացումնեը, զուգահեռ ներկայացնելով նաև աշխարհաքաղաքական այն կարևոր իրողությունները, որոնք ուղիղ ազդեցություն ունեն Հայաստանի և Արցախի ճակատագրի վրա։ Մասնավորապես կարևորվեց նոր ձևավորվող դիվանագիտական հարաբերությունները Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, որը տեղի ունեցավ մարտի 10-ին Պեկինում Չինաստանի միջնորդությամբ։ Աննա Աբրահամյանը առանձնակի կարևորեց Չինաստանի դերակատարության օր օրի մեծացումը աշխարհաքաղաքական գործընթացներում և խաղաղության ամրապնդման սեփական տեսլականի իրագործմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Այս ամենի համատեքստում քաղաքական վերլուծաբանը ընդգծեց, որ Հայաստանը և Արցախը ունեն հնարավորություն, և այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, թե իբր Ադրբեջանի հետ  խաղաղության պայմանագիրը հայության միակ փրկությունն է, իրականության հետ որևէ աղերս չունի։

«Այլընտրանք կա, և այդ այլընտրանքը կոչվում է ազգային ազատագրական պայքար», – ամփոփեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում