Ադրբեջանի հետ լիարժեք ձևաչափով երկխոսություն հնարավոր է միայն միջազգային ձևաչափով․ Արցախի արտգործնախարար

Ադրբեջանի հետ լիարժեք ձևաչափով երկխոսություն  հնարավոր է միայն միջազգային ձևաչափով։ Այս մասին ասել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը՝ «Արցախ. շրջափակման 100 օր» տեսակամուրջի ժամանակ։

Նախարարը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՌԽԿ-ի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ են եղել հումանիտար և տեխնիկական հարցերի լուծման հետ կապված։ «Վերջին հանդիպումներում ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել իրենց օրակարգը։ Հանդիպումների նպատակն էր քննարկել ապաշրջափակման, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման հարցերը։ Ադրբեջանական կողմը բովանդակությունը ներկայացրել է խեղաթյուրված, սա անընդունելի է։ Բայց մենք պատրաստ ենք նույն ձևաչափով հանդիպումներին՝ ՌԽԿ-ի մասնակցությամբ։

Ինչ վերաբերում է լիարժեք ձևաչափով բանակցություններին, ապա դրանք հնարավոր են միայն միջազգային ձևաչափով։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը խախտել է անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպե՞ս չի խախտի երկկողմ ձևաչափով պայմանավորվածությունները»,- նշել է նախարարը՝ ընդգծելով կարևոր բաղադրիչը՝ կատարման երաշխիքների մեխանիզմը։

Խոսելով Արցախ փաստահավաք առաքելության համար այց կազմակերպելու գաղափարի մասին՝ Ղազարյանը նշել է, որ ողջունում է բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են լինելու իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրությանը փաստեր ներկայացնելուն։