Ինչո՞ւ ԱՄՆ-ը պետք է վճարի Ադրբեջանի ռազմական կրթության համար, որը հարձակվում է իր հարևանների վրա. Մենենդես

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հարցրել է, թե որքանով է արդարացված ԱՄՆ շարունակական աջակցությունն Ադրբեջանին՝ հաշվի առնելով, որ այդ երկիրը ագրեսիվ քաղաքականություն է վարում հայ ժողովրդի նկատմամբ:

«Անցած տարի մենք տեսանք՝ ինչպես է Ադրբեջանը ներխուժել Հայաստան, պարենային ճգնաժամ առաջացրել՝ շրջափակելով Լեռնային Ղարաբաղը։ Վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, որը հանգեցրել է 6500 հոգու մահվան և ստիպել Ղարաբաղի շուրջ 100 000 հայի լքել իրենց տները։ Մինչ այդ՝ Միացյալ Նահանգների վարչակազմը յոթ հարյուր հազար դոլար է հայցել՝ Ադրբեջանի զինվորականների միջազգային ռազմական կրթության համար։ Ինչո՞ւ ԱՄՆ-ը պետք է վճարի ագրեսորի ռազմական կրթության համար, որը հարձակվում է իր հարևանների վրա և ոտնահարում իր քաղաքացիների իրավունքները»,- հարցրել է Մենենդեսը։

Բլինքենը պատասխանել է, որ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու համար կան գործնական պատճառներ:

«Դրանցից մեկը նրանց ուժեղացումն է, մեր և ՆԱՏՕ-ի ուժերի միջև գործակցության անխափանությունը: Նրանք խաղաղապահ առաքելությամբ են զբաղվում, երկար սահման ունեն Իրանի հետ, որը պաշտպանության կարիք ունի։ Այս պահին, կարծում ենք՝ նրանց որոշ սպաների արևմտյան կրթությունը, գուցե նաև՝ կողմնորոշումը, բարձրացնելն օգտակար է»,- ասել է պետքարտուղարը: