Եթե Հայաստանը Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, դա կբերի կատաստրոֆայի․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն է։

Հարցազրույցում Դավիթ Բաբայանը, մասնավորաբար, ասել է․

  • Համոզված եմ, որ իմաստուն պետությունը պետք է ցանկացած հայտարարության սառնասրտորեն վերաբերվի, բայց լինի սկզբունքային։
  • Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ այլ պետություն չեն կարող հրաժարվել ազգերի ինքնորոշման իրավունքից․ դա հնարավոր չէ, քանի որ այն հիմնարար սկզբունք է։ Նույն ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ իրականացնում է այդ սկզբունքը։ Մենք Լավրովի խոսքերից չպետք է նեղանանք, այլ առաջին հերթին ինքներս մեր երկրում թույլ չտանք, որ նման կարծիքներ հայտնվեն։
  • Երբ ազգը ոտքի է կանգնում իր իրավունքների համար ու փորձում ինքնորոշվել, հետադարձ ճանապարհ գրեթե չի լինում։ Անկախ ամեն ինչից, մենք պետք է լինենք սկզբունքային։
  • Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև Արցախն այդ դեպքում կունենա մեկ ապագա՝ հայաթափում։ Իսկ դա նշանակում է, որ արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանշաֆտը, ինչը կլինի նաև մահացու վտանգ աշխարհի համար։
  • Արցախը պետք է լինի սրբություն հայության համար, հայությունը պետք է լինի արցախակենտրոն, հակառակ դեպքում կլինի շատ վատ։ Նաև կարևոր է ժողովրդի կարծիքը, որովհետև իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կողմից։ Եթե հասարակության համար Արցախը գաղափար չէ, եթե հասարակության մեջ գերակշռում է այն տեսակետը, թե Արցախից պետք է ձերբազատվենք, էլ ինչո՞ւ ենք մենք խոսում ուրիշների մասին։ Կան, չէ՞, Հայաստանում մարդիկ,  որ ասում են՝ 120 000-ի համար 3 մլն ե՞նք վտանգելու, կամ մեկ այլ անասուն ասում է՝ բայրաքթարի փայ պիտի դառնա արցախցին։ Բա, մեկը չթքե՞ր էդ անասունի երեսին։
  • Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը չթիրախավորվի ներքաղաքական դաշտում։
  • Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի, ու բոլորը դա պետք է հասկանան։ Թշնամու ուզածն այն է, որ մենք ինքներս մեր ձեռքով Արցախը ճանաչենք Ադրբեջանի մաս։ Եթե Հայաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ապա կտրուկ փոփոխության է ենթարկվում Հայաստան ու հայ ժողովուրդ հասկացությունները,  ու մենք ընդհանրապես իրավունք չենք ունենա խոսել ցեղասպանության ճանաչման մասին, Էրգի՜ր, Վա՜ն, Էրզրո՜ւմ, պետք է սսկվենք, պապանձվենք։ Սա կբերի կատաստրոֆայի։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։