Կաթողիկոսըն ընդունել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ մարտի 17-ին,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, Կաթողիկոսն ընդգծել է, որ վերջիններիս այցը Հայաստան լավագույն վկայությունն է երկու ժողովուրդների՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամական և ջերմ հարաբերությունների։

Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են, և նմանօրինակ այցելություններն առավել կնպաստեն միջպետական կապերի ամրապնդմանը։

Անդրադարձ կատարվելով Իրաքի հայ համայնքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ վերջինս ևս իր կարևոր նպաստն է բերում հայ-իրաքյան հարաբերությունների խորացման գործում։

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու երախտագիտությունը է հայտնել Իրաքի իշխանություններին հայ համայնքի և նրա հոգևոր կյանքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։

Երկու ժողովուրդների կապերի սերտացման, ազգերի խաղաղ գոյակցության հարցում Կաթողիկոսը կարևորել է միջկրոնական երկխոսությունը։ Նա նշել է, որ Հայ Եկեղեցին իր հետևողական մասնակցությունն է բերում այդ գործընթացում։

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, շնորհակալություն է հայտնել Հայոց Հայրապետին ընդունելության համար, նշել, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առավել ամրապնդելու ու զարգացնելու։

Նա ընդգծել է, որ  Իրաքի իշխանությունները գործուն ջանքեր են ներդնում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ կեցությունը, պաշտպանելու նրանց իրավունքները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։