Երևանի քաղաքապետը հրաժեշտի երեկո է հրավիրել. ժամեր անց նա հրաժարական կտա. ՀԺ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: Այս մասին գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը:

Ըստ լրատվամիջոցի՝ երեկոյան Երևանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որոնց Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել:

«Մամուլում դեռ երեկվանից լուրեր են շրջանառվում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի հետ կապված: Լուրը ո՛չ ավագանու անդամներն են հաստատում, ո՛չ լրատվական բաժինը, միայն նշում են, որ հստակ տեղեկատվություն չունեն և որ մինչև հրաժարականը պաշտոնապես չհրապարակվի՝ այդ մասով ոչինչ չեն կարող ասել:

Մեր տեղեկություններով հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Սարգսյանի նշանակած կադրերը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին, արտահերթ ընտրությունների մասին այս պահին դեռ որոշում չկա»,- գրում է լրատվամիջոցը: