Պրահայում Արևմուտքի քավորությամբ ու Նիկոլի ձեռամբ թշնամուն է հանձնվել Արցախը  

2022 թ., հոկտեմբերի 6, Պրահա. Նիկոլը փուռն է տվել Արցախը` բացելով Հարավային Կովկասի դռները պանթուրքիստական հայակործան ծրագրի առաջ:

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանի հետ հարաբերություններում այսչափ ագրեսիվ ու այսչափ ցինիկ: Ինչո՞ւ է Արցախի հարցում վարվում ինչպես խելքին փչի․ շարունակում է Բերձորի միջանցքի շրջափակումը, արհամարհում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հայտարարությունը, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Արդյո՞ք նրա պահվածքը հետևանք է ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների, ինչից հաջողությամբ օգտվում է Բաքվի բռնապետը: Օրինակ համոզված է, որ Ռուսաստանն իրեն թթու խոսք չի ասի, չի հակազդի, քանի որ գլուխը խառն է Ուկրաինայում չդադարող պատերազմով: Ավելին` ՌԴ-ի համար Ադրբեջանն ու Թուրքիան այսօր դարձել են կարևոր երկրներ`պայմանավորված ՌԴ-Արևմուտք հարաբերությունների լարվածությամբ, ճգնաժամով: Նույն ճգնաժամով պայմանավորված՝ Ադրբեջանը դարձել է պահանջված երկիր նաև Արևմուտքի համար` որպես էներգետիկ ռեսուրսների մատակարար: Բաքվի բռնապետը վստահ է, որ Արցախի դեմ ռազմաքաղաքական հանցագործություններ, ահաբեկչական դիվերսիաներ իրականացնելով` անպատիժ է մնալու, որովհետև թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը աչք են փակելու:

Այս գործոններն իհարկե կան ու Ալիևին ինքնավստահություն են ներշնչում: Բայց դրանց ներազդեցությունը Հայաստանի և Արցախի վրա հնարավոր կլիներ գոնե մեղմել, եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը ցուցաբերեր հակազդելու վճռականություն ու կամք: Մինչդեռ, երբ չկա աղետը կանխելու ցանկություն`զսպման մեխանիզմների օգտակարությունը զրոյանում է: Հայաստանի իշխանությունն այսօր ամբողջությամբ ընդունել է ահաբեկչական պետություն համարվող Ադրբեջանի պահանջները, գլխիկոր կատարում է սուլթան Ալիևի հրահանգներն ու դրանով Հայաստան-Արցախը դրել է զոհի կարգավիճակում:

Ժամանակագրորեն փոքր-ինչ հետ գնանք. 2022 թիվ, հոկտեմբերի 6, Պրահա. կայացավ Փաշինյան-Մակրոն-Ալիև եռակողմ հանդիպումը: Այդ օրը պատմության մեջ կմնա որպես հայ ժողովրդի դեմ 2018-ից ի վեր իրականացվող միջազգային դավադրության վերջնափուլ: Այդ օրը հավաքական Արևմուտքի քավորությամբ ու ՀՀ ներկայիս ազգադավ վարչախմբի ակտիվ մասնակցությամբ թշնամուն է հանձնվել Արցախը:

Եվ այսպես, Պրահայում Փաշինյանը գրավոր ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախի Հանրապետությունը: Նա ամիսներ շարունակ այս փաստը չէր հանրայնացնում, չնայած բառախաղի իր հայտնի ոճով արտահայտվել է: Սակայն նախօրեին հրավիրած ասուլիսում խոստովանեց. «ՀՀ-ն ու Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այսպես մենք կարող ենք տարանջատել ՀՀ շահերը և ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը»: Արցախը տարանջատել Հայաստանից ու հանձնել Ադրբեջանին. այս հակահայ միտքը մշտապես եղել նրա ուղեղում, երբ դեռ խմբագիր էր` մի դեղին մամուլի: Ու հիմա դարձնում է իրականություն…

Հիշենք, որ Ալիևն ավելի վաղ` Մյունխենում ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում բարձրաձայնել էր պրահյան հաղթանակի մասին, ի լուր աշխարհի հայտարարելով, թե Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Պրահայում ձեռք բերված գրավոր ու բանավոր պայմանավորվածությունները դեռ ամբողջությամբ գաղտնազերծված չեն: Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու նրա թիմակիցների հայտարարությունները հուշում են միայն վատի ու վատագույնի մասին: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հիշեցումը, Փաշինյանի պայմանավորվածությունների մասին, դա է վկայում:

Ակնհայտ է, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը փուռն է տվել Արցախը: Եվ այն, ինչ այսօր կատարվում է Արցախի դեմ` շարունակվող բլոկադա, ահաբեկչական դիվերսիաներ, էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականություն, Բաքվի ինտեգրացիոն պահանջներ` ուղղված Արցախին, Նիկոլի չարաբաստիկ պայմանավորվածության հետևանք են:

Չնայած Արցախի Հանրապետության քաղաքական ուժերը` ԱԺ խմբակցությունները, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից`«հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», Փաշինյանն ու իր հանցագործ խմբակն ամբողջությամբ հրաժարվել են պաշտպանել արցախահայության ինքնորոշման իրավունքի ազգային գաղափարը:

Հայտնի ասուլիսում այդպես էլ անպատասխան թողեց` «Արդյո՞ք Արցախը տեսնում եք Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ» կարևորագույն հարցը, անամոթաբար հայտարարելով, թե դա ասելու համար «կաշկանդված եմ շատ բաներով»: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսպես էր արձագանքել նրա կաշկանդվածության փաստին. «Նիկոլ Փաշինյանին հավանաբար կաշկանդում են նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանին Հայաստանի գրպանն են գցել՝ հստակ առաքելությամբ»:

Պրահայից հետո Փաշինյանը մեջտեղ բերեց արցախահայության «իրավունքների ու անվտանգության» հարցը`դառնալով ադրբեջանական օրակարգի իրական սպասարկու: Դա հնարավորություն տվեց Ալիևին որսալ պահն ու հայտարարել, թե պատրաստ է լուծել Արցախի բնակչության խնդիրները` Ադրբեջանի Սահմանադրության ու օրենքների համաձայն, որպես սեփական երկրի քաղաքացիներ: Ալիևի մեծ ու փոքր պաշտոնյաները չեն դադարում հոխորտալ, թե Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, խնդիրը` փակված:

Հիշենք, որ Պրահայից հետո «քայլարածները», առանց փակագծեր բացելու, փորձում էին պրահյան քառակողմ համաձայնությունը ժողովրդին մատուցել իբրև փոխադարձ արված հաջողակ գործարք: Ասում էին`Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ իր հերթին է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: ՔՊ պատգամավորներից ոմանք անգամ ԱԺ ամբիոնից թրքահաճ վայրահաչեցին, թե ավելի լավ է տանք 120 000-ը ու փրկենք 3 միլիոնը…

Ու տվեցին…

Այսպիսով, 2022 թ. հոկտենբերի 6-ին Փաշինյանը խփել է` Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծման ու հայկական Արցախի հանձնման վերջին մեխը, ու բացել Հարավային Կովկասի դռները պանթուրքիստական հայակործան ծրագրի առաջ:

Եվ եթե հայ ազգային ուժերը` Արցախում ու Հայաստանում, չընդդիմանան այս հակահայկական սցենարին, եթե Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն, ու մեր երկիրը չազատագրվի թրքահպատակ իշխանությունից, ապա ընթացքը կործանարար է լինելու Հայաստանի համար:

Հ.Գ. Վերջերս քննարկումներից մեկում կարևոր միտք հնչեցրեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը, այն մեջբերելով էլ ուզում եմ ավարտել ասելիքս. «Անցած դարից ասում էին` զիջեք Կարինը` լավ կլինի, զիջեցինք ու Վանում կանգնեցինք խնդրի առաջ, հետո զիջեցինք Վանը ու խնդրի առաջ կանգնեցինք Կարսում, զիջեցինք Կարսը` խնդիրը հասավ Նախիջևանին, զիջեցինք Նախիջևանը` հասանք Արցախին: Հիմա եթե զիջենք Արցախը` հասնում ենք Սյունիքին»:

Մտածել է պետք:

 Արմինե Սիմոնյան