Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի երկու ամսով։

«Վերաքննիչ դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը և մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառել է կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով»,- այս մասին տեղեկացրել են գլխավոր դատախազությունից։

Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում:

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, փետրվարի 21-ին մերժել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը: Դատախազությունը բողոքարկել է դատական ակտը՝ պահանջելով կալանավորել Խաչատուրովին։

Հիշեցնենք, որ Դատախազության հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը․ հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։