Վրաստանում տեղի ունեցածը և առաջիկայում հնարավոր հեղաշրջումը հույժ վտանգավոր կլինեն Հայաստանի, Արցախի, Իրանի և Ռուսաստանի համար. 2
Այնպես որ, բնավ առիթ չկա Վրաստանի «թասիբով ժողովրդով» կամ «ժողովրդի թասիբով» ուրախանալու
Սկիզբը` այստեղ
Վրաստանի իշխանություններն ԱՄՆ-ի, Արևմուտքի ճնշման, սպառնալիքների ազդեցությամբ ընկրկելով ու տեղի տալով երկրում նրանց հինգերորդ շարասյունը հանդիսացող ընդդիմության պահանջներին, ըստ էության, դրեցին իրենց քաղաքական վախճանի հիմքը, միաժամանակ թաղեցին Վրաստանի խղճուկ ինքնիշխանության վերջին մնացորդը:
Զիջելով ընդդիմությանը, զանգվածային անկարգության մասնակիցներին, Վրաստանի իշխանությունը զիջել է ֆաշիստներին, քանի որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հենց ինքն էր դրանից ընդամենը ժամեր առաջ ցուցարարներին անվանել է «ֆաշիստներ» ։ Կարելի է համարել, որ մարտի 7-ին և 8-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ վարչական գործերով բոլոր ձերբակալվածներին երեկ ազատ արձակելը և խորհրդարանից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը հետ կանչելը եղան բեկումնային:
Ընդդիմության ու նրա ետևում կանգնած ուժերի կողմից իշխանության վերոնշյալ քայլերը, ինչպես կանխատեսել էինք վերլուծականի նախորդած մասում, ընկալվել են որպես իշխանության թուլության նշան, նրա կողմից թուլության ցուցաբերում: Վրաստանի ընդդիմությունը, նշված ընկալմամբ ու ձեռք բերված հաջողությունից ոգևորված, դրանից անմիջապես հետո, կեսգիշերից քիչ առաջ սկսել է արդեն Վրաստանի կառավարության հրաժարականը պահանջել:
РБК-ի տեղեկացմամբ, ցուցարարները նոր վերջնագիր են ներկայացրել կառավարությանը՝ պահանջելով հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները բարձրացել են ամբիոն և դիմելով ցուցարարներին, հայտարարել իշխանափոխության անհրաժեշտության մասին: Այսպիսով «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության՝ Վրաստանում իշխող քաղաքական ուժ լինելը հարցականի կամ սպառնալիքի տակ է դրվել: Հնարավոր է, որ կուսակցությունն աքտահերթ ընտրությունների դեպքում չկարողանա պահպանել իր վերոնշյալ կարգավիճակը:
Փաստորեն տեղի է ունեցել և տեղի է ունենում այն, ինչի մասին նախօրեին «Известия»-ի հետ զրույցում կանխատեսել էր Քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը: Ըստ նրա, Վրաստանում բողոքի շարժումը «կզարգանա աստիճանաբար, և հնարավոր են սադրանքներ ընդդիմության կողմից»։
Վրաստանի նկատմամբ Եվրամիության և ԱՄՆ-ի արտաքին ճնշումները
Եվրամիությունում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծն անվանել են «անհամատեղելի ԵՄ արժեքների և չափանիշների» հետ։
«Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի օրն առաջին ընթերցմամբ ընդունեց արտաքին ազդեցության թափանցիկության մասին նոր օրենքը։ Դա իրադարձությունների շատ վատ զարգացում է Վրաստանի և նրա ժողովրդի համար։ Օրենքն անհամատեղելի է ԵՄ արժեքների և չափանիշների հետ։ Այն հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին»,- մարտի 7-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը և կոչ է արել հարգել Վրաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի ցույցի իրավունքը:
Ըստ Բորելի, օրենքն «իր ներկայիս տեսքով սպառնում է սառեցնող ազդեցություն ունենալ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների վրա՝ բացասական հետևանքներ ունենալով շատ վրացիների համար»։ Նա զգուշացրել է, որ օրենքի կիրառումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ Վրաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»։
Իսկ այդ ովքե՞ր են Վրաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները… Որպես կանոն, ինչպես հետխորհրդային մի շարք երկրներում (Հայաստան, Ուկրաինա, Բելառուս…), այնպես էլ Վրաստանում, իբրև քաղաքացիական հասարակություն, հիմնականում հանդես են գալիս Արևմուտքի հինգերորդ շարսյունը ներկայացնող սորոսականները և այլ գրանտակերներ, ԼԳԲՏ ակտիվիստները, ԱՄՆ-ի, Արևմուտքի գործակալները, որոշ աղանդների ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, «Կյանքի խոսքը» «թավշյա հեղափոխության» ժամանակ:
Բորելի համար մի քանի հարյուր կամ մի քանի հազար վրացիներն էլ, որոնց վրա օրենքը բացասական հետևանքներ կունենա, «շատ վրացիներ» են, հարկ է ուշադրություն դարձնել, որ նա չի ասել վրացիներից շատերի, ինչը լկտի սուտ կլիներ, այլ ընդամենը՝ «շատ վրացիների»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը, իր հերթին, հայտարարել է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը վտանգում է երկրի եվրատլանտյան ապագան, նախաձեռնությունն անհամատեղելի է եվրոպական ինտեգրման երկրի ցանկության հետ, քանի որ այն «ներշնչված է Կրեմլից»։
«Խորհրդարանում այդ օրինագծերի ընդունումը՝ ոգեշնչված Կրեմլից, անհամատեղելի է վրաց ժողովրդի եվրաինտեգրման և նրա ժողովրդավարական զարգացման հստակ ցանկության հետ»,- ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը (մեջբերումը՝ ՏԱՍՍ-ի):
Փրայի խոսքով՝ այդ օրենքի ընդունումը կվնասի ռազմավարական գործընկերների հետ Թբիլիսիի հարաբերություններին։ Վաշինգտոնը Վրաստանի իշխանություններին նաև կոչ է արել հարգել հավաքների և խաղաղ ցույցերի ազատությունը: Պետդեպարտամենտն ավելի վաղ սպառնացել էր Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեպքում։ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն այսպիսով լկտիաբար միջամտել են Վրաստանի ներքին գործերին:
Ռուսական արձագանքները
Նախ մինչ ռուսական արձագանքներին անդրադառնալը, նշենք, որ Վրաստանի խորհրդարանում փետրվարին գրանցվել էրօտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի երկու տարբերակ՝ վրացական և ամերիկյան, որն իրենից ներկայացնում է օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի թարգմանությունը:
Փաստաթղթի վրացական տարբերակի համաձայն ՝ օտարերկրյա ազդեցության գործակալ պետք է համարվի իրավաբանական անձը, որի ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստացվում է արտերկրից: Օտարերկրյա գործակալ, ըստ փաստաթղթի, կարող են լինել նաև ԶԼՄ-ները, ընդ որում, նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց, այսինքն՝ նախագիծն այդ առումով շատ մեղմ է:
Ամերիկյան տարբերակը («Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագիծը) վերաբերում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև ֆիզիկական անձանց, այն ներառում է նաև քրեական պատասխանատվություն:
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այսօր խորհրդարանի լիագումար նիստում ներքին և արտաքին ճնշումների ներքո երկրորդ ընթերցման ժամանակ դեմ է քվեարկել մարտի 7-ին օտարերկրյա գործակալների վերաբերյալ առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։ Բացի նշվածից, РБК-ի տեղեկացմամբ , այսօր դադարեցվել է «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագծի (ամերիկյան տարբերակի) քննարկումը՝ նախաձեռնողների կողմից այնհետ կանչելու պատճառով։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թբիլիսիում բողոքի ակցիաների առնչությամբ հիշեցրել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը վաղուց ընդունված ու գործում է նաև ԱՄՆ-ում: Զախարովան այսպիսով փաստել է ԱՄՆ-ի՝ երկակի ստանդարտների վրա հիմնված պոռնկական քաղաքականությունը:
«Известия»-ի տեղեկացմամբ , Զախարովան մարտի 8-ին արձագանքելով Բորելի այն խոսքին, թե Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը անհամատեղելի է Եվրամիության արժեքներին, «Telegram»-ի իր ալիքում հեգնանքով՝ նուրբ, սքողված ծաղրով գրել է. «Այժմ հասկանալի է, թե ինչու ԱՄՆ-ը դեռ Եվրամիությունում չէ. այնտեղ այդ օրենքը գործում է 1938 թվականից»:
ՌԴ Դաշնային խորհրդի Սահմանադրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը մեղադրել է ԵՄ-ին և ԱՄՆ-ին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի հնարավոր ընդունման ֆոնին (այսինքն՝ այդ առիթն օգտագործելով) Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ:
«Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը՝ քննարկվող Վրաստանի խորհրդարանում, եղավ անընդունելի ԱՄՆ-ի համար,- «Ведомости»-ի տեղեկացմամբ , գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը «Telegram»-ի իր ալիքում։- Այն սահմանափակում է Վաշինգտոնի ազդեցությունը երկրի ներքաղաքական կյանքի վրա։ Խորհրդարանում այն քննարկումից հանելով, Վրաստանը զրկվեց ինքնիշխանության հնարավորությունից»:
Վոլոդինի խոսքով ՝ ցանկացած պետություն, որը համաձայն չէ այն կանոնների հետ, որոնք թելադրում է Վաշինգտոնը, վտանգում է իրենում ստանալ «գունավոր հեղափոխություն»: Նա նաև նշել է ԱՄՆ-ի ճնշման երեք առանցքային լծակները՝ ֆինանսական, ռազմական և «փափուկ ուժը»: Վերջինս կայանում է ընդդիմության ֆինանսավորման մեջ:
Պետդումայի նախագահը նշել է, որ օրենքի ընդունումը վրացական իշխանություններին թույլ կտար վերահսկել «հակավրացական օրակարգ ձևավորող» ընդդիմությանը, ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին արտասահմանից փոխանցվող միջոցները։ Սակայն բողոքի ակցիաների պատճառով Թբիլիսին ստիպված էր «ենթարկվել ոչ թե ժողովրդի կամքին, այլ ԱՄՆ-ի»:
Վոլոդինը հիշեցրել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս բազմաբևեռ աշխարհի և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու օգտին: Այս կապակցությամբ Վոլոդինը Վրաստանին մաղթել է «կայանալ որպես ինքնիշխան պետություն»։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վրաստանում բողոքի ցույցերը համեմատել է Մայդանի հետ: «Առաջին ալիքի» եթերում նա ասել է, որ Վրաստանում բողոքի ակցիաների հանգեցրած օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծն առիթ դարձավ ուժային իշխանափոխության փորձի համար, և Թբիլիսիի իրադարձությունները նման են Կիևի Մայդանին:
Շատ նման է Կիևի Մայդանին,- РБК-ի տեղեկացմամբ, ասել է Լավրովը:- Որևէ կասկած չկա, որ այն ոչ կառավարական կազմակերպությունների գրանցման մասին օրենքը, որոնք արտասահմանյան ֆինանսավորում են ստանում իրենց բյուջեի ընդամենը 20 տոկոսի չափով, սոսկ պատրվակ էր, ընդհանուր առմամբ, ուժային իշխանափոխության փորձ սկսելու համար:
Թե Վրաստանում Լավրովի ասած Մայդանն իրականություն դառնալու դեպքում ինչ ծանր (մեր պարագայում՝ նույնիսկ աղետալի) հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի, Արցախի, Իրանի և Ռուսաստանի համար, վերլուծականի նախորդած մասում արդեն նշել ենք:
Արթուր Հովհաննիսյան