Վրաստանում տեղի ունեցածը և առաջիկայում հնարավոր հեղաշրջումը հույժ վտանգավոր կլինեն Հայաստանի, Արցախի, Իրանի և Ռուսաստանի համար

Այնպես որ, բնավ առիթ չկա Վրաստանի «թասիբով ժողովրդով» կամ «ժողովրդի թասիբով» ուրախանալու

 

Այսօր կեսգիշերից քիչ անց համացանցում հայտնվեցին Թբիլիսիի կենտրոնում նախկին ցուցարարների, տվյալ պահին արդեն զանգվածային անկարգության մասնակիցների և ոստիկանության միջև բախումների տեսանյութերը:

Կադրերը պատկերում էին զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից հատուկ նշանակության ջոկատայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ և այլ առարկաներ նետողներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ջրանետ մեքենաների և արցունքաբեր գազի կիրառումը։ ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ Ոստիկանությունն ամբոխի դեմ կիրառել է նաև ռետինե փամփուշտներ: Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ճեղքել արգելապատնեշները և ընդհուպ մոտենալ խորհրդարանի շենքի դարպասներին:

Տեղի ունեցածին սոցիալական ցանցերում հայաստանյան հասարակության անմիջականորեն հաջորդած արձագանքը բնութագրելու համար դժվար է բառեր գտնել: Տարօրինակ, անհեթեթ, զավեշտական. ո՛չ, այս բառերը, նույնիսկ միասին վերցված, չեն կարող բնութագրել վերոնշյալ արձագանքը:

Խնդիրն այն է, որ Վրաստանի իշխանությունների դեմ տեղի բնակչության մի մասի ընդվզմամբ, նրանց կողմից գործադրվող բռնությամբ, զանգվածային անկարգություններով ուրախ էին և նույնիսկ իրենց հիացմունքն էին հայտնում մեր հասարակության թե՛ սորոսական, նիկոլական շրջանակները, թե՛ հակասորոսական, հականիկոլական, ընդդիմադիր հատվածի մի մասը:

Առաջինների ուրախությունը, հիացմունքը լիովին հասկանալի է. նրանք գիտեին, թե ովքեր են Թբիլիսիում իշխանությունների դեմ ելել և ինչու, ինչ նպատակներով: Եվ իրենց, և Թբիլիսիում զանգվածային անկարգությունների մասնակիցների հոգևոր հայրերը Արևմուտքում գտնվող նույն Սատանայի ծառաներն են, նրանք բոլորն իրենց «պորտալարերով» կապված են Վաշինգտոնի, Լոնդոնի, Բրյուսելի (Եվրամիության) հետ:

Ինչ վերաբերվում է զանգվածային անկարգությունների կադրերը տեսնելուց հետո Վրաստանի ժողովրդով հիացած ու նրանց, ի տարբերություն մեզ, թասիբով բնութագրող հայաստանյան հասարակության հակասորոսական, հականիկոլական, ընդդիմադիր հատվածի մի մասին, ապա նրանք շտապեցին իրենց զգացմունքները, վերաբերմունքը հայտնել Թբիլիսիում տեղի ունեցողի հանդեպ՝ չիմանալով նույնիսկ, թե իրականում ովքեր են զանգվածային անկարգությունների մասնակիցները, նախաձեռնողները, նրանց ետևում կանգնածները, չիմանալով նաև, թե ինչու են իշխանությունների դեմ ելել, ինչ նպատակներ ունեն:

Նրանց վերոնշյալ արձագանքը լավագույնս բնութագրում է, որ մեր ժողովուրդն իսկապես զգացմունքային ժողովուրդ է, ոչ թե, ինչպես ասում են, ուղեղով է առաջնորդվում, այլ պահի տակ ծնված զգացմունքներով: Բացի այդ, քիչ չեն կրթության, իրազեկվածության լրջագույն պակասի խնդիր ունեցողները, միամիտները: Նաև այս ամենն է, որ 2018թ. վճռական դերակատարություն ունեցան հասարակության մի մասի կողմից Չարիքն իշխանության բերելու գործում:

 

Ովքեր են Թբիլիսիում իշխանությունների դեմ ելած ելած ցուցարարները, որոնք հետո այլ կարգավիճակ ունեցան՝ զանգվածային անկարգությունների մասնակիցներ

Նրանք Վրաստանի ժողովուրդը չեն, այլ այդ ժողովրդի մի փոքր մասը, հիմնականում՝ ուսանողներ և այլ երիտասարդներ, որոնք Վրաստանում գտնվող Արևմուտքի 5-րդ շարասյունն են՝ սորոսականներ և այլ գրանտակերներ, աղանդավորներ, ԼԳԲՏ ակտիվիստներ, ԱՄՆ-ի, Արևմուտքի գործակալներ, արևմտամետ և, այսպես  կոչված, ազատական (լիբերալ) հայացքների տեր այլ անձինք, ինչպիսիք 2018թ. Հայաստանում իշխանափոխություն իրականացրածների կորիզը կամ շարժիչ ուժը հանդիսացողներն էին:

Միացյալ Նահանգներում գտնվող Վրաստանի նախագահ, ԱՄՆ-ի, Արևմուտքի գործակալ կամ վեցանոց Սալոմե Զուրաբիշվիլու հովանավորությամբ, աջակցությամբ, հնարավոր է, ԱՄՆ-ից Զուրաբիշվիլու կողմից նույնիսկ ղեկավարվելով, զանգվածային անկարգության մասնակիցները դուրս են եկել խորհրդարանի, խորհրդարանում իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք»-ի, ինչպես նաև հասարակական ու սահմանադրական կարգը պահպանող իրավապահների դեմ:

 

Ինչու են ելել իշխանությունների դեմ, ինչ են ուզում, ինչ բացահայտ ու թաքնված նպատակներ ունեն

Մարտի 8-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքում ընդդիմադիր պատգամավորների բողոքի, ինչպես նաև դրսում բողոքի ցույցի ֆոնին։ Նրանք հայտարարել են, որ վրացական իշխանությունները «գնում են ռուսական ճանապարհով»։

Ռուսթավելի պողոտան փակած ցուցարարները վերջնագիր էին ներկայացրել երկրի իշխանություններին: Նրանք պահանջել էին հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը և ազատ արձակել մարտի 7-ին բերման ենթարկված ցուցարարներին։ Պահանջները կատարելու համար իշխանություններին հատկացրել էին 1 ժամ։ Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները հայտարարել էին, որ մտադիր են շրջափակել խորհրդարանի շենքը և թույլ չտալ պատգամավորների հանդիպման անցկացումը։

Խորհրդարանում մարտի 8-ին քվեարկվել է միայն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, կողմ է քվեարկել 76, դեմ՝ 13 պատգամավոր։ Փաստաթուղթը նախատեսում է արտերկրից ֆինանսավորում ստացող ոչ կառավարական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ռեգիստրի ստեղծում: «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագծի քվեարկությունը նախատեսված էր այսօր։

Ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արտակարգ հայտարարություն էր տարածել՝ հայտարարելով «վրացական ժողովրդավարության համար սև օրվա» մասին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ հանդես էր եկել ցուցարարների աջակցությամբ, խոստացել վետո դնել օրինագծերի վրա, եթե դրանք ընդունվեն խորհրդարանում:

Վրաստանում իշխող քաղաքական ուժը՝ «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, խորհրդարանում ու խորհրդարանից դուրս գտնվող իր համախոհ քաղաքական ուժերի հետ միասին, ցանկանում է հասնել վերոնշյալ օրինագծերի ընդունմանը, քանի որ հասկանում է՝ եթե երկրում արևմտյան գործակալական ցանցը շարունակի իր անվերահսկելի, լկտի ու քայքայիչ գործունեությունը, ապա, հնարավոր է, 2024թ. աշնանը կայանալիք խորհրդանական ընտրությունների արդյունքում այլևս դադարի իշխող քաղաքական ուժ լինելուց:

Եթե Հայաստանում 2018-ի իշխանափոխությունից առաջ իշխող քաղաքական ուժը խորհրդարանում ընդուներ նմանաբովանդակ օրինագծեր, «թավշյա հեղափոխություն» կոչված իշխանափոխությունը կամ իշխանազավթումը դժվար թե իրականություն դառնար և իշխանության գար Նիկոլը, հետևաբար Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը և Հայաստանի տարածքի մի մասը չէինք կորցնի, ավելին՝ Արցախը և Հայաստանը չէին հայտնվի գոյաբանական սպառնալիքների տակ, ինչպես հիմա են հայտնված:

Վրաստանի ընդդիմությունը, Սալոմե Զուրաբիշվիլին, նրանց ետևում կանգնած ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Արևմուտքը դեմ են վերոնշյալ օրինագծերի ընդունմանը, քանի որ նրանք էլ, իրենց հերքին, շատ լավ հասկանում են, որ դրանց ընդունման, գործակալական ցանցի վերահսկման ու թեկուզ մասնակի սանձահարման դեպքում կորցնելու են Զուրաբիշվիլու վերընտրվելու կամ Սահակաշվիլու, նրա նման մեկի ընտրվելու հնարավորությունը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքով խորհրդարանում և երկրում իշխող քաղաքական ուժը, ամենայն հավանականությամբ, դարձյալ լինելու է Հարավային Օսիայի և Աբխազիայի առնչությամբ տարածաշրջանում Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացելուց, ավելին՝ ՌԴ-ի դեմ նույնիսկ Արևմուտքի պատժամիջոցներին միանալուց հրաժարված «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան»-ը:

Ընդդիմության և ԱՄՆ-ի, Արևմուտքի կողմից վերոնշյալ օրինագծերի ընդունման դեմ հանդես գալը, սակայն, տեղի ունեցած ու, հավանաբար, դեռ շարունակվելիք իրադարձությունների սոսկ արտաքին կողմն է…

Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ցուցարարներն անցել զանգվածային անկարգությունների, որոնց արդյունքում թե իրենց, թե ուժայինների շարքերում կան վիրավորներ, տուժածներ, բազմաթիվ ընդդիմադիրներ ձերբակալվել են (մարտի 7-8-ի զանգվածային անկարգությունների ընթացքում, ըստ Վրաստանի ՆԳՆ տվյալների,  բերման է ենթարկվել 133 մարդ), վնասվել է խորհրդարանի շենքը, ընդհանրապես, պատճառվել է նյութական մեծ վնաս, երբ իրենց հովանավորը, ըստ էության, առաջնորդը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարող էր վետո դնել նշված օրինագծի վրա, չստորագրել, ինչը նշանակում է, որ այն օրենք չէր լինի:

Խնդիրը քաղաքակիրթ եղանակով լուծելու հնարավորությունն ունենալով հանդերձ, դրա փոխարեն ծայրահեղ գործողությունների գնալու փաստը վկայում է, որ Վրաստանի ընդդիմությունը հիշյալ օրինագծերից մեկի ընդունումը, մյուսի այսօր նախատեսված քվեարկությունը սոսկ պատրվակ է ծառայեցրել երկրում հեղաշրջում իրականացնելու համար, որի առաջին փորձին կամ նախերգանքին մենք ականատես եղանք մարտի 8-ի, լույս 9-ի գիշերը հրապարակված տեսանյութերից:

«Известия»-ի տեղեկացմամբ , քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Վրաստանում իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կզարգանա հակամարտության սրման ուղղությամբ։ Նրա կարծիքով, ընդդիմությունը ձգտելու է իրավիճակը հասցնել զինված առճակատման՝ «պետական ​​հեղաշրջման և իշխանության զավթման» նպատակով։

 

Ինչու են ԱՄՆ-ը, Արևմուտքը մեր տարածաշրջանում յուրօրինակ զորաշարժի անցել, ինչով է այդ ամենը սպառնում Հայաստանին և Արցախին

Վրաստանում ընդդիմության կողմից կամ միջոցով իշխանության զավթման պարագայում ԱՄՆ-ը, Արևմուտքը հնարավորություն են ստանում այդ երկրի միջոցով ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել: Դրա համար շատ բան պետք չէ. Վրաստանի իշխանություններին պարզապես կհրահանգվի անցնել Հարավային Օսիան և Աբխազիան ուժով հետ բերելու գործողությունների:

Վերոնշյալով, սակայն, ԱՄՆ-ի, Արևմուտքի նպատակները չեն սահմանափակվում. նախապատրաստվում են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի (դրա բռնկման դեպքում պատերազմի մեջ հարկադրաբար մտնելու են նաև Ռուսաստանը և Թուրքիան), ինչպես նաև Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմները, իսկ դրանից առաջ Արևմուտքի ճիվաղներն անհրաժեշտ են համարել Վրաստանի ուղղությամբ ՌԴ լոգիստիկ հնարավորությունները բացառել:

Վրաստանում ընդդիմության հաղթանակի դեպքում հայերս ստիպված կլինենք կորցնել Աբխազական երկաթուղու վերաբացման հույսը, ավելին՝ կզրկվենք Ռազմավիրական ճանապարհով, Վերին Լարսով Ռուսաստան- Վրաստան- Հայաստան և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային բեռնափոխադրումների և մարդատար ուղևորափոխադրումների հնարավորությունից, քանի որ թշնամի պետությունների միջև ավտոմոբիլային շարժն ուղղակի կդադարի, ինչպես այն չկա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Մյուս վտանգը, որը սպառնում է մեզ, Ադրբեջանի կողմից նախապատրաստվող, սպասվող պատերազմի դեպքում ՌԴ-ից Վրաստանի տարածքով ոչ միայն ռազմական, այլև մարդասիրական բեռներ ստանալու հնարավորությունից զրկվելն է: Այնպես որ, բնավ առիթ կամ հիմք չկա Վրաստանի «թասիբով ժողովրդով» կամ «ժողովրդի թասիբով» ուրախանալու:

Թբիլիսիից լրագրող Գիորգի Ջաբիշվիլին հայտնել է, որ հատուկ ջոկատայինները գիշերն ամբողջությամբ ցրել են ցուցարարներին Վրաստանի խորհրդարանի դիմացի հրապարակից։ Մոտ 2 ժամ առաջ «РИА Новости»-ին հայտնեց, որ Վրաստանում ազատ են արձակել Թբիլիսիում ցույցերի ժամանակ բոլոր ձերբակալվածներին,  ավելին՝ այսօր առավոտյան իշխանությունները հայտարարել են, որ խորհրդարանից հետ են կանչում մարտի 8-ին ընդունված օրինագիծը։

Վրաստանի իշխանություններն ԱՄՆ-ի, Արևմուտքի ճնշման, սպառնալիքների հետևանքով, ցավոք, ընկրկեցին: Նրանց վերոնշյալ գործողությունները թուլության նշան են, թուլության ցուցաբերում, և կասկած չկա, որ հենց այդպես էլ ընկալվելու են ընդդիմության ու նրա ետևում կանգնած ուժերի կողմից: Ձերբակալվածներին ազատ արձակելը և խորհրդարանից օրինագիծը հետ կանչելը հարևան երկրի իշխանությունների համար կարող է լինել ոչ թե սովորական, այլ ճակատագրական սխալ, ճակատագրական նաև՝ Վրաստանի ու նրա ժողովրդի համար:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան