Freedom House-ը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք մտահոգիչ արձանագրումներ է արել

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Freedom House աշխարհահռչակ իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք մտահոգիչ արձանագրումներ է արել։ Ամբողջական զեկույցը՝ այստեղ. 

  •  Մայիսին Google-ի Սպառնալիքների վերլուծության խումբը (Google’s Threat Analysis Group) Հայաստանի կառավարությանը կապել է Հյուսիսային Մակեդոնիայի Cytrox ընկերության կողմից ստեղծված լրտեսական սարքերի (Predator spyware) օգտագործման հետ։ Դրանք օգտագործվել են՝ թիրախավորելու լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների գծով ակտիվիստներին մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
  •  Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ մի քանի քաղաքական այլախոհների սարքավորումները ենթարկվել են հաքերային հարձակման։
  •  2022 թվականի հոկտեմբերին իշխող կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ, ինչը քաղաքացիական հասարակության մտահոգությունն էր առաջացրել ԿԸՀ անկախության և չեզոքության վերաբերյալ։
  •  2021 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները սկսել են հետապնդել տեղական ինքնակառավարման մարմինների՝ ընդդիմության հետ կապված ընտրված մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր քաղաքների ավագանիների։
  •  Իրավապաշտպանների պնդմամբ՝ ընտրված պաշտոնյաների նկատմամբ դեպքերը ունեցել են քաղաքական դրդապատճառներ։
  • 2022թ․ հուլիսին ԱԺ փոխխոսնակին և մշտական հանձնաժողովի նախագահին հեռացրել են իրենց պաշտոններից բացակայությունների պատճառով։
  • Միջազգային դիտորդներն արձանագրել են ընտրախախտումներ, ներառյալ՝ ձայներ գնելու առանձին միջադեպեր և վարչական ռեսուրսի չարաշահում։
  •  Թեև վարչապետ Փաշինյանը խոստացել էր թուլացնել բիզնեսի ազդեցությունը քաղաքականության ձևավորման վրա, սակայն երկու մեծահարուստ գործարարներ խորհրդարան են անցել նրա կուսակցական ցուցակով։
  •  Թեև իշխանությունները կոռուպցիոն աղմկահարույց հետաքննություններ են նախաձեռնել, սակայն ոչ մի մեղադրանք չի առաջադրվել։
  •  Նոյեմբերին Մնացական Մարտիրոսյանի՝ հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրվելը հակասություններ է առաջացրել, քանի որ քաղաքական երանգ ունեցող գործերով նրա մի քանի վճիռներ չեղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
  •  Վարչապետ Փաշինյանն այլևս լրագրողների հետ անձնական ասուլիսներ չի անցկացնում՝ փոխարենը դրանք առցանց իրականացնելով, ինչը քննադատության է ենթարկվել տեղական մեդիա խմբերի կողմից։
  •  2021 թվականին իշխանությունները ԶԼՄ-ների ազատության մի քանի նոր սահմանափակումներ են մտցրել, այդ թվում՝ խորհրդարանում և Սյունիքի մարզի որոշ հատվածներում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումը։
  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է, որ 15 լրագրողներ ֆիզիկական բռնության են ենթարկվել 2022 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
  •  2020 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել եզդի ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ, երբ նա հրապարակավ հայտարարել էր, որ եզդիները խտրականության են ենթարկվում Հայաստանում. միջազգային իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հետաքննությունը քննադատել են՝ որակելով որպես պատժիչ և անօրինական:
  •  Չնայած Սահմանադրությունը պաշտպանում է ակադեմիական ազատությունը՝ վարչական և հավատարմագրման գործընթացները բաց են մնում քաղաքական ազդեցության համար: Գիտնականների շրջանում կա որոշակի ինքնագրաքննություն քաղաքականապես զգայուն թեմաների վերաբերյալ:
  •  2021 թվականի մարտին խորհրդարանի սահմանած կարգավորմամբ թույլ է տրվել կառավարությանը նշանակել երկրի երեք առաջատար պետական համալսարանների հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությանը, ինչը թույլ է տալիս իշխանություններին ավելի մեծ վերահսկողություն իրականացնել համալսարանի առանցքային որոշումների վրա, ներառյալ համալսարանի ռեկտորների ընտրությունը:
  • Հավաքների ազատությունը օրենքով երաշխավորված է, սակայն գործնականում հետևողականորեն չի խթանվում։
  • 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հետ պատերազմում զոհված զինվորների հարազատները խաղաղ բողոքի ակցիա էին կազմակերպել Անկախության օրվա կապակցությամբ կառավարության կազմակերպած միջոցառումների ժամանակ։ Ոստիկանությունը բռնի կերպով ձերբակալել է առնվազն 37 մարդու, իսկ որոշ ցուցարարներ վիրավորվել են։
  •  Դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խաթարվում են կոռուպցիայից։ Դատավորները ճնշումներ են զգում դատախազների հետ աշխատելիս մեղադրական դատավճիռ կայացնելիս, իսկ արդարացումների տոկոսը չափազանց փոքր է։
  • 2022-ի հոկտեմբերին ԲԴԽ նոր անդամներ են ընտրվել իշխող խմբակցության կողմից, այդ թվում նաև նախկին արդարադատության նախարարը, ով նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունը դիտվել է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»։