ԵՄ-ը Ադրբեջանին կոչ է արել կատարել Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ

Եվրամիությունը նախկինի պես մտահոգ է, որ Լաչինի միջանցքով երթևեկության ազատության շարունակվող խախտումն ազդում է Արցախում մարդու իրավունքների վրա։

«Եվրամիությունը նախկինի պես մտահոգ է, որ Լաչինի միջանցքով երթևեկության ազատության շարունակվող խախտումն ազդում է Արցախում մարդու իրավունքների, ներառյալ առողջության, կրթության և սնվելու իրավունքների վրա։ ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատու անձանց երաշխավորել միջանցքով երթևեկության ազատությունն ու անվտանգությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան, և հետևել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմանը։ ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում ղեկավարների մակարդակով։ Մենք խաղաղ գործընթացի շարունակման հույս ունենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ»,- ընդգծվել է Եվրամիության հայտարարությունում։

Ավելի վաղ  ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մասամբ բավարարել էր Հայաստանի հայցն Ադրբեջանի դեմ և միաձայն մերժել Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։

Հայաստանը Միջազգային դատարանից պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին՝ ապաշրջափակել ավելի քան երկու ամիս փակ Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց և տրանսպորտի ազատ երթևեկը երկու ուղղություններով, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։ Դատարանը բավարարել է Հայաստանի հայցը ժամանակավոր միջոցի կիրառման մասին և պարտավորեցրել Ադրբեջանին, մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը, ընդունել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան շարժն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի դատարանը նշել է, որ բավական թվով փաստարկներ չեն ներկայացվել հօգուտ այն բանի, որ Ադրբեջանն է խափանում գազի մատակարարումը։

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ։ Ադրբեջանի մեղադրանքները վերաբերում էին իբր Հայաստանի կողմից իրականացվող ականապատմանն Արցախում՝ «ադրբեջանական ազգությամբ անձանց իրենց տները վերադառնալուն խանգարելու նպատակով»։ Դատարանի որոշման մեջ նշվել է, որ Ադրբեջանն ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ Հայաստանը ձեռնարկել է քայլեր, որոնք խոչընդոտել են ադրբեջանական ազգությամբ անձանց մշտական բնակության վայրեր վերադառնալու իրավունքին։