Բայրամովը Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպմանը դժգոհել Հայաստանից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ, տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

«Քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հումանիտար և մշակությաին ոլորտներում համագործակցելու հարցերը, տարածաշրջանային հումանիտար նախագծերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բայրամովը առիթը բաց չի թողել դժգոհել Հայաստանից, մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում Ադրբեջանի «խաղաղարար ջանքերի», երկրի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին։ Ընդգծվել է, որ «հայկական կողմի սադրանքները, խաղաղության պայմանագրի բանակցություններում ստեղծված դժվարությունները, տարածաշրջանում իրավիճակի սրմանն ուղղված քայլերը խոչընդոտում են խաղաղության հաստատմանը»։

Հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ Ադրբեջանը բազմամշակութայինության տարածք է, ընդգծել է երկրում իրականացվող միջազգային համաժողովների կարևորությունը, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպման ժամանակ նաև տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։