Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը «Խայփալու» կոչվող տեղանքում (լուսանկարներ, տեսանյութ)

Մարտի 5-ին, առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

ԱՀ ներքին գործերի նախարարության  տեղեկացմամբ, դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փաստի առթիվ  ԱՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանն ընդհանրապես և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին՝ մասնավորապես, վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը:

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է ադրբեջանական հարձակման տեսանյութը՝ արդեն 84 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի ոստիկանության անձնակազմի վրա, որտեղ հստակորեն երևում է մեքենայի շարժի ուղղությունը (Ստեփանակերտից դեպի հերթափոխի վայր` Շուշիի շրջան) և անառարկելիորեն ապացուցում է ադրբեջանական պաշտպանության նախարարության պնդման կեղծ լինելը:

«Նախ, մեքենայում ոչ մի զենք չկար՝ բացի ոստիկանների ծառայողական զենքերից: Երկրորդ, չէր էլ կարող զենքի տեղափոխություն իրականացվել, քանի որ նրանք ոչ թե ՀՀ-ից, այլ Ստեփանակերտից էին շարժվում դեպի իրենց հերթափոխի վայր:

Տեսանյութում հստակորեն երևում է նաև ադրբեջանական զինծառայողների տեղաշարժը և այն դրվագը, թե ինչպես են մոտենում մեքենային, բացում դուռը և կրկին կրակում ու հետ փախչում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումը՝ Ստեփանակերտից հերթափոխի ուղևորված ոստիկանական մեքենայի անձնակազմի վրա փորձելով հիմնավորել կեղծ և սուտ այն թեզով, թե իբր ՀՀ-ից Արցախ զենքի տեղափոխում է կանխել։