Ընդերքը Թուրքիային հանգիստ չի տալիս. նոր ցնցումներ, դարձյալ երկրաշարժ. 5

«Մեսիջնե՞ր» Դժոխքից, թե…

 

Սկիզբը` այստեղ

Ստամբուլը զգուշացրել է հնարավոր հզոր երկրաշարժի մասին

 

Օրերս երկրաբանները նախազգուշացրել են հերթական հզոր երկրաշարժի մասին, որը կարող է հարվածել Թուրքիայի հյուսիս-արևմտյան տարածաշրջանին, ուր գտնվում է երկրի արդյունաբերության հիմնական, կարելի է ասել՝ գրեթե ամբողջ մասը: Eurointegration.com-ի փոխանցմամբ , այս մասին գրել է «European Truth»-ը՝ հղում կատարելով «Euractiv» պարբերականին:

Թուրքիայի հյուսիսարևմտյան խիտ բնակեցված և արդյունաբերական կենտրոնը վտանգի տակ է: Ստամբուլը՝ Թուրքիայի 16 միլիոնանոց և ամենամեծ քաղաքը, երկրի առևտրային շարժիչը, գտնվում է Թուրքիան հատող խզվածքների մոտ: 1999 թվականին երեք ամսվա տարբերությամբ երկու երկրաշարժերը երկրի հյուսիս-արևմուտքում խլել են մոտ 20 000 մարդու կյանք: Երկրաբանները նշում են, որ այս շրջանում կարող է ևս մեկ երկրաշարժ տեղի ունենալ։

Եթե ​​Ստամբուլում փետրվարի 6-ի 7.7 և 7.6 մագնիտուդով երկրաշարժերի նման ցնցումներ տեղի ունենան, այն կարող է քաոսային իրավիճակ առաջացնել Թուրքիայում:

«Սա (Թուրքիայի) արդյունաբերական կենտրոնն է, այսպիսի մասշտաբի ավերածություններն այստեղ կարող են շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ, ինչը կարող է հանգեցնել երկրի կործանման»,- ասել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ, երկրաշարժերի ռիսկերի կառավարման համար քաղաքապետարանի պատասխանատու Բուգրա Գյոքչեն և հավելել, որ պետությունը պետք է սա դիտարկի որպես ազգային անվտանգության խնդիր, որոշի առաջնահերթությունները և տրամադրի միջոցներ…

Տեղի ունեցած երկրաշարժերը և Մարմարա ծովի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում, Ստամբուլի շուրջ մեծ երկրաշարժին պատրաստվածության հարցերը կլինեն առանցքայինը մայիսին և հունիսին Թուրքիայում նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրություններում։

Թուրքիան գտնվում է մի քանի ակտիվ տեկտոնական խզվածքների գծերի վրա, ինչը նրան խոցելի է դարձնում ուժեղ երկրաշարժերի դեպքում: Հյուսիսային Անատոլիայի խզվածքի ճյուղն անցնում է Մարմարա ծովով, Ստամբուլից հարավ։ Հնարավո՞ր է, արդյոք, ուժեղ կամ կործանարար երկրաշարժ Ստամբուլում կամ նրա մոտ… Չէ՞ որ Թուրքիայի Ղահրամանմարաշ (երբեմնի հայկական Մարաշ) նահանգում և այլուր փետրվարի 6-ին տեղի ունեցած կործանարար և հաջորդած գրեթե բոլոր երկրաշարժերի էպիկենտրոնները Ստամբուլից բավական հեռու են: Այո, բայց փետրվարի 6-ի կործանարար երկրաշարժերը ունեցել են ոչ միայն հետցնցումներ, այլև խթանել, հարուցել նոր երկրաշարժեր Թուրքիայում ու նույնիսկ մեր տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս:

Մասնավորապես, ինչպես արդեն նշել ենք այս վերլուծականի նախորդած հրապարակումներից մեկում , Թուրքիայում, ի տարբերություն փետրվարի 20-ի երկրաշարժերի, տեղի են ունեցել նաև այլ երկրաշարժեր, օրինակ, փետրվարի 27-ին Իզմիրի նահանգի Ֆոչի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 4.1 մագնիտուդով, օջախի 14.5 կմ խորությամբ երկրաշարժը, փետրվարի 28-ին Կայսերիում տեղի ունեցած 4.0 մագնիտուդով երկրաշարժը, որոնք փետրվարի 6-ի երկրաշարժերի օջախային գոտուց դուրս են և իրենց բնույթով նոր երկրաշարժեր են, ոչ թե հետցնցումներ: Ղահրամանմարաշն ո՜ւր, Իզմիրն ուր… Դրանք իրարից շատ հեռու են, այնպես որ, հեռավորությունը դեռ երաշխիք չէ, որ Ստամբուլն ապահովագրված է տարերային աղետից:

Հավելենք, որ Թուրքիայում այսօր առավոտյան հերթական ուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել. շուրջ 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադիյամանում: Volcanodiscovery.com պորտալի տեղեկացմամբ , վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է 4.0 և ավելի մագնիտուդով չորս, 3-ից ավելի մագնիտուդով 33 երկրաշարժ։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան