Ընդերքը Թուրքիային հանգիստ չի տալիս. նոր ցնցումներ, դարձյալ երկրաշարժ. 4

«Մեսիջնե՞ր» Դժոխքից, թե…

 

Սկիզբը` այստեղ 

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժերի հաջորդ օրը սեյսմոլոգ Աննա Նիկոլաևն այն կարծիքն է հայտնել, որ Թուրքիայում երկրաշարժերից հետո Կովկասում ստորգետնյա ցնցումների հավանականություն կա: Նիկոլաևի այս կանխատեսումը լիովին արդարացավ:

Վերոնշյալը փաստարկելու համար լիովին բավարար են, թեկուզ, Վրաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած 3.6 մագնիտուդով (ավելի քան 5 բալ), ինչպես նաև մարտի 1-ին տեղի ունեցած 4.0 մագնիտուդով (շուրջ 6 բալ) երկրաշարժերը, որոնց հանգամանորեն անդրադարձել ենք այս վերլուծականի նախորդած մասում : Հավելենք, որ իր էներգիան բնութագրող մեծությամբ փետրվարի 19-ի երկրաշարժին գերազանցող մարտի 1-ի երկրաշարժը փետրվարի 19-ի երկրաշարժի հետցնցումը չէ, այլ առանձին երկրաշարժ, ինչը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո Անդրկովկասում սեյսմիկ ակտիվության աճի առումով մտահոգության տեղիք է տալիս:

«Экономика сегодня» տեղեկատվական- վերլուծական պորտալին տված մեկնաբանության մեջ ֆիզիկա- մաթեմատիկական գիտությունների թեկնածու, սեյսմոլոգ Աննա Նիկոլաևան նշել է, որ Թուրքիայում երկրաշարժը և դրան հաջորդած հետցնցումները տեղի են ունեցել Անատոլիական խզվածքի պատճառով: Գիտնականի խոսքով՝ այսօր կարելի է երկրաշարժի կանխատեսում անել՝ առաջնորդվելով արդեն իսկ տեղի ունեցած ցնցումների (օջախի) խորությամբ ու էներգիայով։

Նիկոլաևայի տեղեկացմամբ, մի շարք գիտնականներ հնարավոր են համարում տեսանելի ապագայում ոչ մեծ երկրաշարժեր Կովկասում, քանի որ տեկտոնական սալերի շարժման ժամանակ արաբականը սողացել է արևելաեվրոպական հարթակի վրա, որին հաջորդում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը և Ադրբեջանը։

Գիտնականները համակարծիք են, որ խոշոր երկրաշարժը կարող է նմանատիպ իրավիճակներ առաջացնել նույն խզվածքային գոտու հարևան հատվածներում, նման դեպքերը լավ ուսումնասիրված են Թուրքիայի հյուսիսում:

«Տեսականորեն ամեն ինչ կարող է պատահել,- ասել է Նիկոլաևան:- Եվ, այո, օրինակ, մեր Ղրիմը ներառված է նույն սեյսմիկ գոտու մեջ, ինչ և թուրքական շրջանները։ Ավելին. Ղրիմի թերակղզում տարեկան գրանցվում են 2, 3, իսկ երբեմն մինչև 5 մագնիտուդով ցնցումներ։ Հաճախ դա տեղի է ունենում ինչ-որ տեղ Սև ծովում, ուստի բնակիչները ոչինչ չեն զգում։ Նույնն է և Սոչիում. ի վերջո, թուրքական ցնցումների արձագանքներն այնտեղ էլ զգացվեցին։ Հետևաբար, այո, երկրաշարժեր կարող են լինել, բայց ուզում եմ հավատալ, որ եթե նույնիսկ տեղի ունենան, ապա դրանք այդքան ավերիչ չեն լինի»։

Ի՞նչ… Այդքան ավերի՞չ չեն լինի… Մենք՝ դեկտեմբերյան աղետ տեսածներս, լինելով փոքր ածու, ուզում ենք հավատալ, որ եթե Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի, վերոնշյալ սալերի տեղաշարժի, միմյանց բախվելու, սեղմելու կամ սողալով իրար վրա ելնելու հետևանքով Հայաստանում կամ Արցախում նույնպես երկրաշարժեր լինեն, ապա դրանք ընդհանրապես ավերիչ չեն լինի:

Միաժամանակ, պետական համապատասխան մարմիններին, մասնավորապես, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ին, եթե դրանք բարդակի կամ կաթվածահար վիճակում չեն, ինչպես Նիկոլի իշխանության օրոք պետական այլ մարմիններ, կոչ ենք անում կտրուկ ակտիվացնել երկրաշարժի դեպքում ճիշտ վարք դրսևորելու նպատակով բնակչության իրազեկման աշխատանքները, դրանց տալ շարունակակն բնույթ, լինել հետևողական ու չբավարարվել դրվագային միջոցառումներով, եթե նույնիսկ այդպիսիք եղել են…

Ղրիմում երկրաշարժի հնարավորության վերաբերյալ ինչպես Աննա Նիկոլաևայի, այնպես էլ հենց նույն օրը՝ փետրվարի 7-ին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Գորշկովի կանխատեսումներն արդարացան. ինչպես նշել ենք վերլուծականի նախորդած մասում, Ղրիմի հարավային ափին փետրվարի 27-ին տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով (Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4.4 մագնիտուդով) երկրաշարժ:

Հավելենք, որ թուրքական «Hurriyet» թերթը հրապարակել է Թուրքիայի սեյսմիկ վտանգավոր շրջանների քարտեզը։ Ըստ ԶԼՄ- ների տվյալների, առողջարանային նահանգների մեծ մասը ներկայումս գտնվում է ուղղակի կամ անուղղակի սեյսմիկ վտանգի գոտում: Թուրքիայում երկրաշարժերը հանգեցրել են այդ երկրում հանգստի պահանջարկի անկմանը:

Ինչպես տեղեկանում ենք Israelinfo-ից, այսօր լուսադեմին Թուրքիային, որը դեռ չի վերականգնվել ավերիչ երկրաշարժից և դրան հաջորդած ավելի փոքր ուժգնության ցնցումներից, նոր երկրաշարժ է հարվածել, այն տեղի ունեցել երկրի հարավում գտնվող հենց այն առավել տուժած շրջանում՝ Ղահրամանմարաշում (երբեմնի հայկական Մարաշում):

Ըստ Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալների, 5 մագնիտուդով  (մոտ 7 բալ) երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:53-ին (Երևանի ժամանակով՝ 06:53-ին) Ղահրամանմարաշի Օնիկիսուբաթ շրջանում, օջախը գտնվել է 6.95 կմ խորության վրա: Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդման համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղահրամանմարաշ նահանգի Գյոքսուն քաղաքից 23 կմ հեռավորության վրա, իսկ ստորերկրյա հարվածի օջախը եղել է 4 կմ խորության վրա:

Volcanodiscovery.com պորտալի տեղեկացմամբ, Երևանի ժամանակով ժամը 21:00-ի դրությամբ Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել են 4.0 և 5.0 մագնիտուդով մեկական երկրաշարժ, 3-ից ավելի մագնիտուդով 25 երկրաշարժ, 2-ից ավելի մագնիտուդով 156 երկրաշարժ, ինչպես նաև 2-ից ցածր մագնիտուդով 234 թույլ երկրաշարժ, որոնք մարդիկ սովորաբար չեն զգում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան