Խոստանում եմ անել հնարավորը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման համար. ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Քրիստինա Քուինը «Ֆեյսբուքում» ԱՄՆ-ի դեսպանության հրապարակած տեսահոլովակով դիմել է Հայաստանին։

Դեսպանն ասել է, որ ծնունդով Կալիֆորնիայից է, նահանգ, որը հայտնի է Սիլիկոնային հովտում նորարար տեխնոլոգիաների կենտրոնով, ազգային պարկերով և մեծաթիվ հայ բնակչությամբ։

«Հասակ եմ առել Ֆրեզնոյում, որտեղ ինձ բախտ է վիճակվել ունենալ ամերիկահայ ուսուցիչներ ու ընկերներ։ Առիթ եմ ունեցել առնչվել հայկական նրբագեղ մշակույթին և գունեղ խոհանոցին։ Եվ այժմ Հայաստան գալով կարծես թե տուն եմ վերադարձել», նշել է Քրիստինա Քուինը։

ԱՄՆ դեսպանի խոսքով՝ դեռ մանուկ հասակում է տեղեկացել հայ ժողովրդի պատմության ցավալի էջերի, մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին և Երևան ժամանելուց հետո անմիջապես այցելել է Ծիծեռնակաբերդ, որպեսզի հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Ծանոթ եմ Հայաստանի բազմադարյա հարուստ պատմությանը, մշակութային ժառանգությանը և հիացած եմ հայ ժողովրդի անհավատալի տոկունությամբ։ Րոպե առաջ ցանկանում եմ ամբողջովին բացահայտել այս երկիրն ու ճանաչել հայ մարդուն։ Գիտեմ, որ վերջին տարիները մարտահրավերներով լի են եղել։ Արդեն առիթ եմ ունեցել անձամբ լսել Հայաստանում գտնվող տեղահանված անձանցից իրենց դժվարությունների մասին։ Խոստանում եմ անել հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը։

«Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում և հետամուտ լինել իր ընտրած տնտեսական ու քաղաքական ուղեգծին։ Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ, և ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու մեր կապերը և օգնելու Հայաստանին կերտել պայծառ ու բարեկեցիկ ապագա»,- ասել է Քրիստինա Քուինը։