Բանկում հաշիվ բացել չի ստացվում, օգնությունները ուշ են տեղ հասնում. Գերմանիայում դժգոհեցին Փաշինյանին

Գերմանիայի հայ համայնքի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, հայ համայնքի ներկայացուցիչ Միքայել Մինասյանը հիշեցնելով Փաշինյանի խոսքը, թե Հայաստանում տնտեսական ու ժողովրդավարական խնդիրներ չկան, պատմեց, որ 6 ամիս առաջ Հոնկոնգից ներդրողներ է բերել Հայաստան, որ էքսպորտն ու զբոսաշրջությունը զարգացնի, կազմակերպություն է բացել, բայց 6 ամիս է՝ չի կարողանում Հայաստանի բանկերում հաշիվ բացել։

Մինասյանի խոսքով, հաշիվ բացելու անհնարինության մասին նամակ են ուղարկել վարչապետին, Կենտրոնական բանկին, փաստաբան վարձել, որն ասել է, թե նման խնդիրներ Հայաստանում շատ կան։

«Սա արդյո՞ք ժողովրդավարության կամ համակարգային խնդիր չէ»,– դիմելով Փաշինյանին՝ հարցրեց Միքայել Մինասյանը։

Վարչապետը պատասխանեց՝ եթե անձը չի կարողացել Հայաստանում բանկի հաշիվ բացել, ուրեմն դա կապված է սանկցիաների հետ։

«Ուրիշ բացատրություն դրան չի կարող լինել»,– ասաց Փաշինյանը։

Միքայել Մինասյանն ընդգծեց, որ ինքը որևէ խնդիր չունի։

Փաշինյանն ասաց, որ ինքը բազմաթիվ դեպքերով է հետաքրքրվել, երբ Հայաստանում չեն կարողացել հաշիվ բացել ու պարզել է, որ այդ խնդիրը կապված է միջազգային պատժամիջոցներով։

Փաշինյանը Միքայել Մինասյանին խոստացավ պարզել, թե իր դեպքում ինչ խնդիր է եղել։

Միքայել Մինասյանը մի դժգոհություն էլ հայտնեց։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, Գերմանիայից ներկրված իրեղեն նվիրատվությունները, Հայաստան ներկրելուց և բեռը դուրս գրելուց հետո 6-8 ամիս է պահանջվել, մինչդեռ նրա խոսքով՝ Արցախում այդ բեռների կարիքը հրատապ զգացվում էր։

«Ինչո՞ւ այդքան երկար տևեց, պետության գործառույթը ո՞րն է, եթե գույքագրում է կատարվում, հանձնվում մեզ ու մենք Գերմանիայի հայերի գումարներով բաժանում ենք Հայաստանում։ Խնդիրը համակարգային է, մինչև հիմա այդ հարցը լուծված չէ»,– ասաց նա։

Վարչապետը բացատրեց, որ խնդիրը կապված է եղել օրենքի հետ։
«Շատ բարեգործական անվանված ծրագրերի արդյունքում հարկային պարտավորություններ են առաջանում։ Որպեսզի ծրագիրը բարեգործական համարվի, կան ընթացակարգեր, այդ ընթացակարգերը նրա համար են, որ բարեգործության անվան տակ այլ բաներ չանեն։ Ձեր ասածը շատ պարզ է, դուք ազնիվ բարեգործ եք, բայց ձեր հետևից 60 հոգի բարեգործության անվան տակ կարող է անցնել, որոնք բարեգործության հետ կապ չունեն ու մեր պետությունը կտուժի։ Պատճառը սա է, ի դեպ, սա  միակ դեպքը չէ, բայց դա ժամանակ է տանում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ Հայաստանում օրենքներ կան, որոնք պրոբլեմատիկ են, բայց դրանք փոխելու համար ժամանակ է պետք, ու հասկանալ, թե ինչով են դա փոխարինում։

«Դա տևական աշխատանք է պահանջում, որը պետք է կարողանալ անել։ Եթե հարցնեք, թե որն է Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը, ես կասեմ, որ կադրային խնդիրն է, որովհետև մենք կրթական համակարգում լուրջ ու խորը պրոբլեմներ ունենք, մեր կրթական համակարգը չի ապահովում շատ կադրերի, որոնք արդյունավետ կաշխատեն»,– ասաց նա։