Նարեկացու հիշատակի օր Վատիկանում

Փետրվարի 27-ին Վատիկանի Ս․ Պետրոս տաճարում տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու ծիսական տոնին նվիրված արարողություն՝ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների դեպարտամենտի պրեֆեկտ արք․ Կլաուդիո Գուջերոտիի նախագահությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Արարողությանը, որը կազմակերպել էր Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը, ներկա են եղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Տ․ Ռաֆայել Պետրոս Մինասյանը, աշխատանքային այցով Վատիկան ժամանած ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Սուրբ Աթոռի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրենը, Մխիթարյան միաբանության, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների, տեղի ակադեմիական, լրագրողական ու սփյուռքի ներկայացուցիչներ։

Արքեպիսկոպոս Գուջերոտտին և դեսպան Նազարյանն իրենց խոսքում անդրադարձել են «Խաղաղության վարդապետի» (ինչպես որ Նարեկացուն անվանել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը) հոգևոր գրական ժառանգությանը։ ՀՀ դեսպանը մասնավորապես նշել է, որ հայ մեծ սրբի օրվա ոգեկոչումը Տիեզերական եկեղեցու կողմից առիթ է ազգային ու գլոբալ մակարդակներում վերահաստատելու համերաշխության քաղաքակրթություն կերտելու միջազգային հանրության հանձնառությունը։

Կ․Նազարյանը հավելել է, որ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում երբեք չի ընկրկել հարևանների կողմից պարտադրած պատերազմների, ագրեսիայի, էթնիկ զտման քաղաքականության, ցեղասպանության, ջարդերի և այլ զրկանքների առջև, ու շարունակել է հավատարիմ մնալ խաղաղության ու քրիստոնեական համամարդկային իդեալներին։
Արարողությունից առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, դեսպանը և հայ դիվանագտները ծաղկեպսակ են զետեղել Վատիկանի այգիներում գտնվող Նարեկացու արձանին։