Թշնամու կամակատարը չի կարող այլ կերպ ընկալվել, քան պետական դավաճան

Ղարաբաղի Արայիկն Արցախի քաղաքական կուսակցություններին, բնակչությանը, ողջ հայությանը կանգնեցրեց կատարված փաստի առջև

 

Ղարաբաղի Արայիկը (այո, տողերիս հեղինակի համար այսուհետ ոչ թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան, այլ Ղարաբաղի Արայիկ), ինչպես արդեն հայտնի է, երեկ իր գլխավորությամբ ԱՀ կառավարության նիստում հրապարակած հրամանագրով Արցախի Հանրապետության պետնախարարի (վարչապետի) պաշտոնից ազատել է Ռուբեն Վարդանյանին:

Արայիկն իր մեկ այլ հրամանագրով պետնախարար է նշանակել 2020թ. հուլիսից 2021թ. փետրվար ժամանակահատվածում «իրավապաշտպան» գործունեությամբ զբաղված, հայտնի սորոսական Դանիել Իոաննիսյանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող և հանրային միջավայրում իբրև սորոսական հայտնի Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, որը, ասում են, նաև Նիկոլի սիրելիներից է: Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ Արայիկը կամ նրան թելադրողը Գուրգեն Ներսիսյանին նույնպես երկար ժամանակ չի թողնելու ԱՀ պետնախարարի պաշտոնում…

Ռուբեն Վարդանյանի պաշտպանը չեմ, բայց… Նախ ընդգծեմ, որ Ռուբեն Վարդանյանի՝ անցյալ տարվա աշնանն Արցախ տեղափոխվելուց մեկ ամիս անց Արայիկը հենց ինքն էր Վարդանյանին առաջարկել ղեկավարել կառավարությունը: Վարդանյանը, որն անցյալ տարի հայտարարել էր, որ կհրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից և Արցախի բնակիչներին «շատ ծանր հոգեբանական վիճակում» աջակցելու համար կտեղափոխվի Արցախի Հանրապետություն, ընդունել էր Արայիկի առաջարկը:

ԱՀ պետնախարար նշանակվելուց շուրջ 2 ամիս անց, արդեն այս տարվա հունվարի առաջին կեսին բարձրացվել էր Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հարցը: Վարդանյանը չէր հայտնել, թե ում կողմից՝ Արայիկի թե Նիկոլի, բայց իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։

Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։

Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:

Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք:

Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»:

Արցախի պետնախարարն այսպիսով բացահայտ ակնարկել էր, որ իրենից հրաժարական են պահանջում կամ ակնկալում, և հայտարարել, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ:

Հիշենք նաև «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ժամանակ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերը կամ նեղ քաղաքական շահերն ավելի կարևոր են համարում, քան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, դավաճան են։

Նույն հեռուստակամրջի ժամանակ ԱՀ նորանշանակ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն էլ ասել էր, որ խնդիրների լուծման որոնումը միայն խաղաղապահների հարթությունում չէ։

«Խաղաղապահների հետ մենք քննարկում ենք խնդիրները։ Բաքվի սադրանքներն ուղղված են խաղաղապահների դեմ դժգոհության ալիք բարձրացնելուն։ Պետք չէ ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին»,- հավելել էր նա։

Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հարցն օրերս վերստին ասպարեզ էր բերվել, ինչի մասին հուշում է նրա խորհրդականի հայտարարությունը: Վարդանյանի պաշտոնանկության նախօրեին՝ փետրվարի 22-ին, նրա խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ քաղաքական գործիչը չի պատրաստվում հրաժարական տալ և հեռանալ Արցախից։ Ըստ «Փաստինֆո»-ի արցախյան աղբյուրների, Վարդանյանն ուղղակի մերժել է հրաժարական գրելու Արայիկի առաջարկը:

«Այս խոսակցությունները նորություն չեն,- ասել է Մեսրոպ Առաքելյանը։- Ե՛վ հունվարին, և՛ հիմա հայտարարում եմ, որ Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ չի պատրաստվում հեռանալ Արցախից, քանի որ և՛ նրա, և՛ մեր թիմի դիրքը պայմանավորված չէ հանրապետությունում նրա զբաղեցրած պաշտոնով»:

Ինչպես գրել է ռուսական մամուլը, օրինակ, РБК-ն, 2020թ. Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում Վարդանյանը հրապարակային հայտարարություններ է արել այս իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ խնդրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օգնել հակամարտության կարգավորմանը։

Դեկտեմբերի կեսերին Լաչինի միջանցքը փակելուց հետո Վարդանյանն աջակցել է ռուսական խաղաղապահների գործողություններին՝ չնայած Հայաստանի կողմից խաղաղապահների քննադատությանը։ Նա նաև առաջարկել է Նիկոլին անձամբ գալ Արցախ և տեղում տեսնել, թե ինչ դեր ունեն ռուսական խաղաղապահները։

«Քննադատելը հեշտ է, երբ դու Արցախում չես»,- ասել է քաղաքական գործիչը։

Եթե Վարդանյանը բացի վերոնշյալից, ոչինչ արած և հայտարարած չլիներ, միայն դա լիովին բավարար էր, որպեսզի Հայաստանի, Արցախի և հայության թիվ 1 ներքին թշնամի նիկոլը և մեր արտաքին թշնամիներից Ալիևն Արայիկից պահանջեին Ռուբեն Վարդանյանի հրաժարականը: Վարդանյանը, սակայն, ռուսական խաղաղապահներին ու նրանց  գործողություններին աջակցելուց բացի, բազմիցս քննադատել է Բերձորի (Լաչինի) միջանցքի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը, ինչից հետո այդ երկրի ԱԳՆ-ն պահանջել է լքել Լեռնային Ղարաբաղը։

«Նրա գործունեությունը հանցավոր- բախտախնդրական բնույթ է կրում,- հայտարարել է Ադրբեջանի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:- Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ դրվի։ Եվ որքան շուտ այդ մարդը հեռանա այս տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին դրանից տուժում է տեղի բնակչությունը»:

Վարդանյանն ի պատասխան հիշեցրել է, որ ինքն արցախյան արմատներ ունի և արդեն 20 տարի է, ինչ գալիս է Արցախ, որտեղ մասնակցել է բազմաթիվ հասարակական նախաձեռնությունների։

«Ես այստեղ տուն ունեմ, և ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու պետք է այստեղից հեռանամ,- ասել է Արցախի պետնախարարը:- Միշտ արել եմ ամեն ինչ, որպեսզի Արցախի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդները կարողանան ապրել կողք կողքի, բայց ոչ միասին Սա միակ հնարավորությունն է բոլոր կողմերի համար՝ խուսափելու կոնֆլիկտից»:

Ավելի ուշ Վարդանյանը հայտարարել է, որ կմնա Արցախում՝ «պայքարելու համար», և չի ենթարկվի Բաքվի պահանջներին:

Ինքը չենթարկվեց, Ալիևի կամակատար Արայիկը ենթարկվեց:

Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկին ու նրա հրամանագիրը կարելի էր չքննադատել, եթե դրանում լիներ իրականությանը համապատասխանող որևէ հիմնավորում, որը կարող էր հիմք հանդիսանալ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու համար: Մինչդեռ Արայիկի հրամանագրում ընդհանրապես որևէ հիմնավորում չկա՝ իրականությանը համապատասխանող թե չհամապատասխանող, Վարդանյանին պաշտոնանկ անելու համար բավարար թե անբավարար: Ընդհակառակը՝ կառավարության նիստում Արայիկը Վարդանյանի հասցեին գովեստի, դրվատանքի, շնորհակալության խոսքերով է հանդես եկել, բարձր է գնահատել նրա ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման, և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Ահավասիկ.

«Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ,- ասել է Արայիկը:- Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով ինձ հետ կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն բարդել ինձ վրա: Բայց մյուս կողմից նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված վիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին»:

Հիմա եթե Արայիկին 1-2 հարց տանք՝ ինչո՞ւ «Բայց մյուս կողմից», ի՞նչ է նշանակում դա, ի՞նչ հակասության մեջ է մինչ այդ արտահայտված մտքի հետ, և երկրորդ՝  ինչպե՞ս կարելի էր պաշտոնանկ անել, ինչո՞ւ է պաշտոնանկ արել իր իսկ կողմից նշված արժանիքներն ունեցող պետնախարարին, պապանձվելու է:

Իր վերոնշյալ հրամանագրով Արայիկը փաստել է, որ Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ է արել կամայականորեն, վարվել է խանի նման ու այսպիսով վերջնականապես (քանի դեռ ինքն ԱՀ նախագահի պաշտոնն է զբաղեցնում) թաղել Արցախում ժողովրդավարության, դրա բաղկացուցիչը հանդիսացող՝ հասարակության առջև հաշվետվողականության մասին մինչ այդ եղած թեկուզ աղոտ, երերուն պատկերացումները:

Միաժամանակ Վարդանյանի հասցեին գովեստի խոսքերով Արայիկը եթե ցինիզմի մակարդակի հասնող, Ալիևին ու մեր իմացած ադրբեջանցիներին բնորոշ կեղծավորություն չի դրսևորել, ուրեմն վկայել է, որ թշնամու՝ Ալիևի կամակատարն է, և եթե վաղը կամ մյուս օրն Ադրբեջանի նախագահը պահանջի նաև պաշտոնից իր հեռանալը, այդ նույն տրամաբանությամբ հեռանալու է, այսինքն     Արայիկն Արցախի Հանրապետությունն արդեն իսկ դրել է Ադրբեջանի ենթակայության ներքո, զրկել անկախությունից:

«Անկախ նրանից թե Ռուբեն Վարդանյանին ինչու պետնախարար նշանակեցին և ինչու ազատեցին պաշտոնից, նիկոլի ու արայիկի թեթև ձեռքով ադրբեջանն առանց նույնիսկ մեկ փամփուշտ կրակելու այս անգամ կործանեց Արցախի 30 տարի տևած դե ֆակտո ներքին ինքնիշխանությունը,- «Ֆեյսբուք-ի իր էջում գրել է  քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը (Robert Markarian):- Այսուհետ Արցախում պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ «ընդունելի պիտի լինի նաև ադրբեջանի համար» (մեջբերումը գիտեք ումից է, չհիշեցնեմ)»:

 

Արթուր Հովհաննիսյան