Հաագայի դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հայցերի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը և հիշեցրել, որ դրանք պարտադիր են կատարման համար: Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որով ՄԱԿ-ի ղեկավարի անունից հանդես է եկել նրա մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նշվում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է միջազգային դատարանի նկատմամբ վստահությունը, որը ցուցաբերել են Հայաստանն ու Ադրբեջանը ՝ դիմելով այդ մարմնին տարաձայնությունները լուծելու համար։

«ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշում է, որ Միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար և հավատում է, որ կողմերը կկատարեն դրանք, այդ թվում՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման մասին որոշումը»,- ասված է հայտարարության մեջ։

Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ կոչ անելով կողմերին գնալ կառուցողական երկխոսության։