Արցախի միջազգային ճանաչման հիմքերը իրավական, քաղաքական, պատմական տեսանկյունից ավելի քան բավարար են․ ԱՀ ԱԳ նախարար

Արցախի միջազգային իրավական ճանաչումը միշտ եղել և շարունակում է արդիական մնալ Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչման հիմքերը իրավական, քաղաքական, պատմական տեսանկյունից ավելի քան բավարար են. «Արցախի ինքնորոշման և անկախության անցած ճանապարհը լիովին համապատասխանում են թե միջազգային իրավունքի, թե ԽՍՀՄ-ի ժամանակին գործող իրավական նորմերին: 32 տարի առաջ Հանրապետության հռչակումը միակ միջոցն էր ապահովելու Արցախի ժողովրդի գոյությունը: 1991-ի դեկտեմբերի 10-ին էլ Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Հետագայում Ադրբեջանը փորձելով բռնի ուժով ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման, այդպիսով խախտելով միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության պահանջները: Իսկ հարաբերական խաղաղության շրջանում Ադրբեջանը հետևողականորեն վարել է էթնիկ ատելություն բորբոքող և խտրականության քաղաքականություն: Զուգահեռաբար պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջազգային նորմերի հիման վրա ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից: Արցախի և նրա 120 հազար բնակչության ավելի քան 70 օր շարունակվող շրջափակումը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական օրինակն է»,-ասաց նա:

Արցախի ԱԳ նախարարը նաև հավելեց, որ Ադրբեջանի խտրական քաղաքականության վարման փաստը հաստատվել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից, որի որոշումներն արձանագրեցին Ադրբեջանի կողմից հայերի դեմ տարվող ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը. «Դատարանի եզրակացությունները թույլ են տալիս Ադրբեջանի քաղաքականությունը, այդ թվում Արցախի շրջափակումը բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում:

Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է կանգնեցնելու Արցախի ժողովրդին իրավունքների զանգվածային և սիստեմատիկ խախտումները:

Իր հերթին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող հանցագործությունների մասշտաբները, էթնիկ զտման հանցավոր ծրագիրը ավարտին հասցնելու փորձերը և հրաժարումը խաղաղ բանակցություններից լրացուցիչ հիմք են ճանաչելու Արցախի ժողովրդի ընտրության իրավաչափությունը հօգուտ անկախության:

Նկատի ունենալով գլոբալ համաշխարհային զարգացումները և դրանց համատեքստում ի հայտ եկող նոր իրավական ու քաղաքական միտումները, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վերոնշյալ և մի շարք այլ հիմքերը, այսօր մասնագիտական հանրույթի կողմից մշակման կարիք ունեն»,-ընդգծեց նա: