Ամերիկայի հայկական համագումարը մարտի 27-28-ը Քարոզչական գագաթնաժողով կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսում
ԱՄՆ Կոնգրեսի նոր ընտրվելու, Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման ու մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների հետ կապված՝ մարտի 27-28-ը Կոնգրեսում տեղի կունենա Ամերիկայի հայկական համագումարի Քարոզչական գագաթնաժողովը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Համագումարից։
«Գագաթնաժողովին ընդառաջ Համագումարը կկազմակերպի առցանց պանելային քննարկումներ և ճեպազրույցներ՝ թարմացնելու մասնակիցների տեղեկությունները մտահոգիչ հիմնախնդիրների մասին, որոնցով կկարողանան կիսվել Կոնգրեսականների հետ:
Համագումարի Քարոզչական գագաթնաժողովը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ-ում հայկական հարցերի վերաբերյալ իրազեկումն ու աջակցությունը և կապեր հաստատել ամերիկահայերի ու Կոնգրեսականների և նրանց աշխատակազմերի միջև:
2023թ. Քարոզչական գագաթնաժողովին գրանցվելը, ինչպես նաև մասնակցությունը Կոնգրեսականների հետ Կապիտոլիումի բարձունքում հանդիպումներին անվճար է»,- ասվում է հաղորդագրության մեջ: