Հաջորդ Մյունխենը շատ ավելի վատ է լինելու. Վահագն Մելիքյան

«30 տարիների պատմության ընթացքում շատ մյունխեններ ենք ունեցել, երբեք չենք կանգնել նման իրավիճակի առջև, ինչը տեսանք օրեր առաջ»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

«Եթե երկրի ղեկավարն ինքն էլ ընդունում է, որ ինքն այլևս գործոն չէ, ընդամենը գործիք է տարբեր շրջանակների համար և դրա համար է լռում։ Ես չեմ կարող ասել, թե այդ պահին ինքն ինչ է մտածում, երբ ամենացինիկ ու ամենանվաստացուցիչ ձևով վիրավորում են մի ողջ ժողովրդի։ Կարելի էր հրաշալի ձևով այդ հարթակն օգտագործել ու շատ սառը մեկնաբանություններով, շեշտադրումներով պատասխանել քո առջև կանգնած և շատ լկտի ձևով, ղեկավարին ոչ հարիր պահվածքին»,- նշեց նա։

Վահագն Մելիքյանն ասաց, այսպես շարունակվելու դեպքում հաջորդ Մյունխենը շատ ավելի վատ է լինելու. «Երբ քեզ ամբողջ աշխարհի առջև շատ բաց տեքստով պախարակում են, ստորացնում են, նվաստացնում են, դու պատասխան չեն տալիս, հաջորդ Մյունխենին շատ ավելի վատ է լինելու»։

Նրա խոսքով, բերվել է խաղաղության օրակարգը, ականջահաճո հնչող բանալի բառը՝ «խաղաղություն» ու շատ հստակ դրվել է ջրբաժան, որ մենք տանում ենք այս օրակարգը, նրանք, ովքեր համաձայն չեն այդ օրակարգին, իրենք պատերազմի բուռն ջատագովներն են։

«Փորձեմ միանգամից հիասթափեցնել։ Ես շատ ավելի հակված եմ, որ այս կողմը՝ «իբրև թե» պատերազմի ջատագով են, շատ ավելի խաղաղության ջատագով է, շատ ավելի խաղաղության պաշտպան է։ Դրա վառ ապացույցը՝ այդ թևի ներկայացուցիչները 30 + տարի հենց աշխատել են այդ ուղղությամբ։

Այո, մենք ունեցել ենք զինադադար, փխրուն զինանադար, բայց չենք ունեցել այդ լայնածավալ պատերազմը, չենք ունեցել սարսափելի կորուստները, որից մինչև հիմա մեր հասարակությունը չի կարողանում ուշքի գալ։
Համապատասխան շրջանակներն էլ չեն կարողանում ճիշտ աշխատանք տանել, որ հասարակությանը ուշքի բերեն։ Այս համատարած անտարբերությունը, համատարած բթացումը դրա վառ ապացույցն է»,- ասաց նա։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Վ. Մելիքյանն ասաց․ «Այն, ինչ մենք տեսնում ենք հայ-թուրքական գործընթացների շրջանակներում, աննախադեպ է։ Դա ցնցող է, բոլոր կարմիր գծերը խախտված են։ Չգիտեմ, թե որտեղ են այդպիսի որոշումներ կայացվում։ Շատ պարզ էր, որ թուրքական դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվելու։ Այնտեղից պատասխանեցին՝ շնորհակալություն հայտնելով Ադրբեջանին, որին աջակցել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ»,-նշեց դեսպանը։

Նա ասաց, որ պատմության մեջ չի հիշում որևէ այլ դեպք, որ այդքան վազեվազ, ցուցադրական, շեշտված լինի իշխանության կողմից ցուցաբերված ուշադրությունը այդ երկրի նկատմամբ, մի երկրի, որն ուղղակիորեն պատճառ է հանդիսացել քո երկրի այսօրվա վիճակի համար։

«Սա ոչ թե զարմանք է առաջացնում, այլ շոկի է բերում, քանի որ խախտված են արարողակարգային, էթիկայի բոլոր հնարավոր ու անհնար կարմիր գծերը»,- ընդգծեց արտակարգ և լիազոր դեսպանը։