Շուտով Թուրքիան կսկսի իր «eve gel» (Արի տուն) ծրագիրը, և տեսնես՝ քանի հայ կգնա իր իրական հայրենիքը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մյունխեն 2-ը» ես կորակեմ 2-րդ խայտառակությունը, որովհետև հիշում եք՝ պատերազմից առաջ էլ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպեց Ալիևի հետ, դա նրա առաջին հրապարակային խայտառակություններից մեկն էր»,- խոսելով օրերս Մյունխենում կայացած Անվտանգության համաժողովի մասին՝ այսպես որակեց Նաիրա Զոհրաբյանը, շարունակելով, որ չնայած այն հանգամանքին, որ Մյունխենի խայտառակության մասին այս օրերին շատ է խոսվել, այնուամենայնիվ կարևոր է համարում առանձնացնել մի քանի առանցքային դրույթներ․ «Առաջին՝ Նիկոլ Փաշինյանը այդ կարևորագույն հարթակը պարտավոր էր օգտագործել՝ խոսելու Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիայի մասին, որը արվել է 2021թ․ սեպտեմբերի 11-ից, հարյուրավոր կիլոմետրեր օկուպացված է Հայաստանի սուվերեն տարածքից, և այդ մասին Նիկոլ Փաշինյանը որևէ բան չասաց»։

Խոսելով 2-րդ առանցքային դրույթի մասին՝ բանախոսը ընդգծեց Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների հարցը, որի մասին Փաշինյանը պարտավոր էր խոսել, այն ռազմագերիների մասին, որոնց 1,5 տարի առաջ իր քարոզարշավների ժամանակ ասում էր, թե ոչինչ մեկ-երկու ամիս կսպասեն․ «Ես հիմա դիմում եմ ռազմագերիների էն ծնողներից մեկին, որը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո դուրս էր եկել և մխիթարում էր մյուսներին ու ասում՝ լավ, ոչինչ, հաշվենք մեր տղան խոպան է գնացել և այնտեղից մեզ գումար է ուղարկում», հավելեց նա՝ ընդգծելով, որ շատ փակագծեր չի կարող բացել, բայց տեղյակ է, թե ինչ ֆիզիկական և հոգեբանական վիճակում են գտնվում մեր տղաները։

Քաղաքական գործիչը անդրադարձ կատարեց նաև Մյունխենում Ալիևի կողմից հնչած իբր հայերի կողմից ադրբեջանական մշակութային արժեքների ոչնչացման մասին հնչեցված մտքերին՝ հիշեցնելով Եվրապարլամենտի ընդունած բանաձևը, որին մասնակցություն է ունեցել նաև ինքը, և որում ամրագրված են հայկական մշակութայինն արժեքների ոչնչացման փաստերը․ «Ալիևը իր հիմարության պատճառով էնպիսի փայլուն հնարավորություն տվեց Նիկոլ Փաշինյանին, երբ որ էշ-էշ խոսեց մզկիթների ոչնչացման մասին, որ Նիկոլ Փաշինյանը, եթե տեղյակ լիներ Եվրապարլամենտում, Հայաստանում, Եվրոպական Միությունում, ես չգիտեմ, ով է այդ առանձնյակը, այդ ամեոբան, որ չի տեղեկացրել, որ Եվրապարլամենտը ընդունել է բանաձև ընդամենը վերջերս՝ Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում հայկական մշակութային կոթողների մասին և նշված է բանաձևում, որ 90% ադրբեջանցիներն են ոչնչացրել կոթողները՝ Կանաչ Ժամը, Ղազանչեցոցը․․․։ Նիկոլ Փաշինյանը էնքան տեղյակ չէր, կամ Եվրոպական կառույցներում  զբաղվող էդ ավանակները, էդ ուսապարկերը էնքան չեն զեկուցել, իրենց գրագույն հրամանատարի դեմը չեն դրել էդ բանաձևը, որ մարդը տեղյակ լիներ և Ալիևի մռթին հագցներ»։

Հաղորդման շրջանակներում քաղաքական գործիչը նաև չբացառեց մոտ ապագայում թուրքական «eve gel» (արի տուն) ծրագրի մեկնարկի հնարավորությունը․ «Եվ ես պատրաստ եմ գրազ գալ և տեսնել, թե Հայաստանի Հանրապետության այդ «eve gel» (Արի տուն) ծրագրով ով կմեկնի իր իրական հայրենիքը։ Ասածիս մեջ հանկարծ սարկազմ չփնտրեք»։

Խոսելով Մյունխենում հնչած Ալիևի պահանջից՝ Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ և այսօր արդեն Արցախում ուրվագծվող ալիևյան պահանջին համահունչ օրակարգից՝ տիկին Զոհրաբյանը ընդգծեց, որ չի բացառում, որ փետրվարի 23-ին Արայիկ Հարությունյանի ուղերձում լինելու են հստակ ազդակներ, մեսիջներ Ռուբեն Վարդանյանի հետ կապված․ «Հիմա այս եթերից հայտարարում եմ ՝ Ռուբեն Վարդանյան, եթե վաղը կամ մյուս օրը Դուք ձեր կամքով գրեցիք հրաժարական, ուրեմն Դուք դավաճան եք, Դուք կդավաճանեք Արցախին, իսկ եթե Արայիկ Հարությունյանը սահմանադրորեն, ցավոք, իրավունք ունի իր հրամանագրով ձեզ ազատել պետնախարարի պաշտոնից, ուրեմն բոլորս պետք է կոչ անենք համախմբվել, և մեր սատարումը թե Արցախում, թե Հայաստանում Ռուբեն Վարդանյանը պիտի ունենա»,- հավելեց բանախոսը։

Մանրամասներ՝ տեսանյութում