Մեր ազգային օրակարգը պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր բանակցությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Դավիթ Շահնազարյան

Մեր քաղաքական դաշտը խղճուկ, խայտառակ վիճակում է. իշխանություն-ընդդիմություն ողջ քաղաքական էլիտան այսօր գտնվում է ադրբեջանաթուրքական կարգավորման հարթության մեջ: Այս մասին տված հարցազրույցում նշեց ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը:

«Ոչ մի գաղափար ու ծրագիր չկա, որը կբերեն առաջ: 2020-ից սկսած ընդդիմության գործունեության ընթացքում իշխանությունը բավական ամրապնդվել է, կանաչ լույս ունի իրականացնելու բոլոր այն ծրագրերը, ինչի համար 2018-ին եկել է իշխանության: 2018-ին այս իշխանությունը զավթել է իշխանությունը աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունքում, որի մաս է եղել նաեւ Ռուսաստանը, որը երկու ձեռքով սատարում է այս իշխանությանը»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով, ընդդիմությունը ոչ թե գործող իշխանությանն էր հեռացնում, այլ ուզում էր իշխանություն ստանալ, որպեսզի իրականացներ այն ծրագիրը, որն իրականացնում է Փաշինյանը. «Նրանք ասում են՝ բանակցողին պետք է փոխենք, բայց նույն օրակարգն իրականացնենք: Իրականում իշխանությանը հեռացնելու ծրագիր չի եղել, եղել է իշխանության գալու ծրագիր: Քաղաքական դաշտում ես քաղաքականություն չեմ տեսնում, ամբողջովին խարդավանքներ են: Մի մասը պաշտպանում է Ռուսաստանի շահերը՝ ոտնմահարելով Հայաստանինը, մյուս մասը հակառակը: Հայաստանը շահը արտահայտված չկա:

Այսօր մեր ազգային օրակարգը պահանջում է, որ անմիջապես դադարեցվեն բոլոր բանակցությունները թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ»: