ԵՄ առաքելությունը կարևոր դեր կխաղա սահմանի բնակչության անվտանգության գործում. Միրզոյան

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում: