Դե հիմա մտածեք, թե 2018 թվականին իրականում ում կամ ինչերն եք մերժել

Այսօր Արցախյան շարժման 35-րդ ամյակն է, ինչը ևս մեկ առիթ է, հետադարձ հայացք նետելով՝ գնահատել 1988 թվականից հետո մեր ունեցած ազգային ձեռքբերումները և 2018 թվականի գունավոր խեղափոխությունից հետո այդ ձեռքբերումներն արագընթաց սլացքով փոշիացնելու գործընթացը, որպեսզի մեկ անգամ ևս բռունցքվելով՝ ուժ գտնենք այդ ձեռքբերումները ոչ միայն հետ բերելու, այլև բազմապատկելու։ Ակնհայտ է, որ այսօրվա իշխող վարչախումբն ամեն ինչ անում է՝ օրացույցից այդ նշանակալի օրը անհիշելի անցյալ դարձնել․ իշխանության գալու առաջին իսկ օրվանից նրանց քայլերը հենց դրան են միտված։ Իսկ ոչ վաղ անցյալում փետրվարի 20-ին տրվեց ԼՂԻՄ հայության ինքնորոշման և բնաջնջվելուց ու բնօրրանից բռնի տեղահանվելուց փրկվելու մեկնարկը։ Մինչ այդ արդեն արցախահայությունը Արցախը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ից կազմ մտցնելու պահանջ էր ձևավորել՝ աշխարհին ազդարարելով, որ հակառակ պարագայում իրենք դատապարտված են ցեղասպանության։ Ժողովրդական կամքը թելադրեց Արցախը Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու հաջորդական քայլեր։ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»: Բայց ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից: 1988 թ. փետրվարի 22-ին Աղդամում տեղի ունեցած ցույցից հետո տարբեր տվյալներով 2-3 հազար երիտասարդներից կազմված ադրբեջանցիների ամբոխը շարժվեց դեպի ԼՂԻՄ տարածքում գտնվող հայկական Ասկերան ավանը: Ամբոխը ճանապարհին ոչնչացնում էր եղած ամեն ինչ, նրանց առաջխաղացումը կասեցվեց Ասկերանի մերձակայքում ոստիկանության միջամտության շնորհիվ: Փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության էթնիկ զտումը, նախաձեռնվեցին ջարդեր, որոնք ուղեկցվում էին սպանություններով, բռնաբարություններով, վայրագություններով, կողոպուտով ու հայ բնակչության տեղահանությամբ: Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ողջ տարածքով մեկ: 1988 թ. մարտին Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը, որը համակարգում էր Արցախի հայերի ազատագրական շարժումը։ 1988 թ. հունիսի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը կտրականապես հրաժարվեց բավարարել Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին։ Երկու օր անց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնություն տվեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելուն»: 1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին: Այս գործընթացները վերաճեցին ազգային-ազատագրական պայքարի, որը պսակվելով Հայաստանի հաղթանակով՝ նպաստեց Արցախի ու արցախահայության ազատագրմանը Ադրբեջանի ոճրագործ ճիրաններից։ Այդ ընթացքում՝ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով սակայն հայորդիների արյան գնով ազատագրված Արցախի 75 տոկոսը նորից գերեվարվեց, իսկ հիմա էլ Հայաստանի իշխանությունը զավթած վարչախումբը մանրադրամի է վերածել հրադադարով պահպանված տարածքները և ամեն ինչ անում է Ադրբեջանի նախագահին սիրաշահելու և Արցախի՝  թշնամու ճիրաններից փրկված տարածքներն էլ անվերադարձ նրան նվիրելու համար՝ այսպես կոչված տարածքային ամբողջականության ճանաչման ու խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացներում։ Դա անում է մեկը, որը ոչ մի ավանդ չի ունեցել ոչ Ղարաբաղյան շարժման մեջ, ոչ Արցախի ազատագրական պայքարում, ոչ Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման գործում, բանսարկություններից, կեղծիքից  բացի, որոնցով տասնյակ տարիներով թշնամություն ու ատելություն է սերմանել արցախցու և հայաստանցու միջև, զրպարտել ու սևացրել է Արցախի քաղաքական վերնախավին, իր ծպտյալ «Թուրքական ժամանակ» թերթով (որը լույս է տեսնում «Հայկական ժամանակ» անունով) ամեն ինչ արել Արցախի ադրբեջանական պատկանելության մասին լեգենդները հանրայնացնելու և իր ընթերցողների ուղեղները դրանով լվանալու համար, որ հետո մեր ճակատագրական սխալի հետևանքով իշխանության գալով հայտարարի, թե մեզ օտարի հողերը պետք չեն, թե Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր և հարկավոր էր հանձնել իր եղբայրական Ադրբեջանին, թե Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, թե Արցախի համար չենք զոհաբերելու Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը․․․ Ասում է մեկը, որը իշխանության գալով՝ լծվեց նախորդ իշխանությունների ջանքերով ստեղծածը փլատակների վերածելու ու մոխրացնելու, երկրում մահ ու ավեր սփռելու գործին։ Մահաբեր Նիկոլի հետևից գնալով՝ մերժեցինք այն նախագահին, որը Արցախյան շարժման առաջին օրվանից առաջնագծում է եղել նախ որպես շարքային զինվոր, այնուհետև որպես պատասխանատու ոլորտի ղեկավար՝ պաշտպանության նախարար, որպես վարչապետ և վերջապես որպես երկրի նախագահ։ Նրա ղեկավարության ժամանակահատվածում 2016 թվականին թշնամին մեկ անգամ փորձեց արագընթաց մարտերով պարտության մատնել Արցախի Հանրապետությունը, բայց նրա առաջխաղացումը հաջողությամբ ճնշվեց հայկական մարտունակ բանակի արժանի հակահարվածով։ Պատմության մեջ ամրագրված է, որ Արդբեջանի տխրահռչակ նախագահ Ալիևը պաղատանքով դիմել էր Ռուսաստանին՝ պատերազմը կանգնեցնելու միջնորդության խնդրանքով։ Հիշարժան են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կազմակերպված բանակցային հանդիպումների ժամանակ Ալիևի կորացած դիրքն ու մտահոգ հայացքը, լացակումած խոստովանությունը, որ իրեն կուլիսների հետևում պարտադրում էին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ ՀՀ երրորդ նախագահի իշխանության ողջ ժամանակահատվածում սեղանին էր Արցախի ինքնորոշման պահանջը և ցանկացած բանակցային փաստաթուղթ Հայաստանի պարտադրանով այդ պահանջի շուրջ էր կազմվում։

Փետրվարի 18-ին Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Ալիևի սնապարծ դեմքը անցյալի հակապատկերն էր, իսկ նրա վերամբարձ ու պարտադրող հայտարարությունները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մոտալուտ վախճանն են կանխորոշում, քանի որ Ալիևը բացահայտորեն հայտարարում է ոչ միայն ամբողջական Արցախի, այլև Հայաստանի տարածքների նկատմամբ ունեցած իր նվաճողական նկրտումների մասին։ Փոխարենը Հայաստանը ներկայացնող Փաշինյանի խոսույթում գերակայում էր Արցախի հայություն տերմինը, որով նա փաստացի ի լուր բոլորի հաստատեց Ալիևի՝ «Ղարաբաղի ազգային փոքրամասնություն» գաղափարը։

Դե հիմա մտածեք, թե 2018 թվականին իրականում ում կամ ինչերն եք մերժել՝ ինքներս մեր գոյությունը, ինքնությունը, սուբյեկտայնությունը, մեր արժանապատվությունը, մեր հաղթական ձեռքբերումները․․․

Թագուհի Ասլանյան