ԼՂ-ում ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Ղարաբաղի հայերի հումանիտար վիճակի վրա. Նիկոլ Փաշինյան

Մյունխենում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման թեմային.

«Միջանցքն արդեն 70 օր արգելափակված է, ինչը հանգեցրել է հումանիտար և էներգետիկ ճգնաժամի ԼՂ-ում, և գազամատակարարումը 10 անգամ դադարեցվել է անցած 70 օրերի ընթացքում»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Ըստ նրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի վերաբերյալ հստակ խոսք է հնչել, որ Ադրբեջանի և ռուս խաղաղապահների պարտականությունն է ապահովել Լաչինի միջանցքի շահագործումը։

«Բայց հիմա իրականությունը բոլորովին այլ է»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրության ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վրա. «Այս իրավիճակը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Ղարաբաղի հայերի հումանիտար վիճակի վրա»։