Արցախում խախտված են 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից հայտնում են՝ Անդրեասյանը կարևորել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկը և ընդգծել՝ նախարարությունն ակտիվորեն ներգրավված է ԵԽ մի շարք հարթակներում, ինչը բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն է տալիս կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ տարբեր փաստաթղթերի վավերացմամբ ստանձնել է նաև ոլորտային պատասխանատվություն՝ իրականացնելու որոշակի աշխատանքներ և վերահաստատել է դրանց շարունակականության ապահովման մտադրությունը, ինչպես նաև հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին:
«Գտնվում ենք հանրակրթության բարեփոխումների ակտիվ փուլում: Մարդու իրավունքների շուրջ իրազեկվածության բարձրացումը, իրավական կրթությունը մեր առաջնահերթություններից են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախորդ տարեվերջին ընդունվել է ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որտեղ շեշտադրված են ոլորտի կարևոր խնդիրները:

Նա շեշտել է, որ նոր ծրագրի շրջանակում կրթության առաջընթաց է նախանշվում մի շարք ուղղություններով:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն նշել է, որ Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը բազմաշերտ է և համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում: Բյորն Բերգեն ընդգծել է՝ Հայաստանն իր պատմությամբ և մշակույթով, հայ հասարակությունն իր արժեհամակարգով եվրոպական ընտանիքի մասն են, իսկ Հայաստանի հետ համագործակցությունը և այն առաջընթացը, որն արդեն իսկ ձեռք է բերվել մի շարք ոլորտներում, Եվրոպայի խորհուրդը դրական է գնահատում:

Ընդգծվել է նաև սպորտում ազնիվ խաղի դրսևորումների, տարբեր մարզաձևերում կանանց ներգրավվածության բարձրացման, ինչպես նաև դոպինգի դեմ պայքարի շրջանակում իրականացվելիք գործողությունների կարևորությունը։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարված փոփոխություններով՝ արդեն իսկ հստակեցվել են «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը՝ մեր երկրում գործող օրենսդրությունը միջազգային և ներպետական իրավունքի նորմերին համապատասխանեցնելու նպատակով:

ԿԳՄՍ նախարարը, անդրադառնալով մշակութային համագործակցության ընդլայնմանը, կարևորել է ԵԽ մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի հարցերով ղեկավար կոմիտեի հետ համատեղ աշխատանքը:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը եվրոպացի գործընկերներին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի առնչությամբ:

ԿԳՄՍ նախարարը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին ու հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման ուղղությամբ:

Նա ընդգծել է, որ հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ։