Թուրքիան իր ձեռքում է պահում սահմանի բանալին․ իրեն պե՞տք էր օգնությունը մտներ, բացեց, հաջորդ վայրկյանին փակեց․ Գեղամ Մանուկյան

Հայ-թուրքական սահմանի այդ հատվածը տուրիզմի առումով շատ քիչ զարգացած կլինի, բացի Անիից՝ այնտեղ պատմական հուշարձաններով հարուստ տարածք չէ: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա նկատեց, որ օտարեկրյա այցելուն Անի այցելում է Թուրքիայի տարբեր վայրեր այցելելով, Իսկ Հայաստանից էլ Վրաստանով Անի ճանապարհ կա:

«1993-ին Թուրքիան փակեց Հայաստանի ցամաքային և օդային սահմանը: 1990-ականների վերջին միջազգային ճնշումների տակ Թուրքիան բացեց օդային սահմանը՝ Երևան-Ստամբուլ թռիչքների տեսքով: Այսօր էլ Թուրքիան այդ սահմանը լիարժեք չի բացում, այլ բավարարվում է խորհրդանշական ժեստերով: Եթե իսկապես ցանկություն կա հարաբերություններ հաստատելու, ապա պետք չէր երկու տարի բանակցել, պետք էր ընդունել մեկ նախադսություն՝ Հայաստանը և Թուրքիան հաստատում են դիվանագիտական հարաբերություններ ու դեսպաններ են նշանակում Երևանում և Անկարայում: Մնացածն այլևս տարիների քննարկումների հարցեր են: Բայց  Թուրքիան իր ձեռքում պահում է սահմանի բանալին. իրեն պետք էր օգնությունը մտներ, բացում է, հաջորդ վայրկյանին փակում է»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ դեռևս ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ շատ էր խոսվում հայ-թուրքական երկաթուղու բացման մասին, բավականին ուսումնասիրություններ եղան, որոնք վկայում էին, որ որևէ տնտեսական օգուտ Հայաստանը չի ստանում:

«Այսինքն Հայաստանն այն ծավալով բեռնափոխադրում չի կարող իրականացնել դեպի Սև ծով, նկատի ունենալով մեր երկաթուղու ռելսերի լայնությունը, թուրքականի նեղությունը: Թուրքիայի տարածքով բեռները Սև ծով հասնում են լեռնային շրջաններով, դրա համար գնացքների և արագությունը, և վագոնների քանակը սահմանափակ է, և այդպիսի բեռնափոխադրումներ չեն լինելու: Ժամանակին ՀՅԴ բյուրոն մեծ ուսումնասիրություն է արել: Նախօրեին Թադևոս Ավետիսյանը ուշագրավ փաստ հրապարակեց, որ 2022-ին անհավատալի մեծ ծավալով ոսկու ձուլակտորներ են արտահանվել Հայաստանից Թուրքիա:

Չկա տնտեսական փաստարկված գնահատական, թե ինչ օգուտ կարող է ունենալ Հայաստանը: Ավելին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոսելով բազմամիլիարդ ներդրումների մասին, երբ հարց ուղղվեց իրեն, թե ինչի հիման վրա է դա, պարզվեց 1999 թվականի Համաշխարհային բանկի ուսումնասիրության հիման վրա»,-ասաց նա: