Այսօր էլ Վարդանանց պատերազմի ոգեշնչող պատգամը հնչում է մեր ականջներին․ Վարդան Սրբազան

Փետրվարի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց տոնը: Այս առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը:

Պատարագիչն էր Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Իր քարոզում Վարդան Սրբազանն անդրադարձել է Սուրբ Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Ավարայրի ճակատամարտը մեր ազգի լինելիության  պայքարն էր: Վարդանանց պատերազմը հավատքի ընտրության պատերազմն էր.  ընտրեցինք հավատքի ճամփան և այդ հավատքը մեզ միշտ օգնեց: Բազմաթիվ անգամներ մեզ չարչարեցին, Գողգոթայի ճամփով տարբեր փորձությունների ենթարկեցին, մեզ խաչեցին, սակայն հավիտենական կյանքի զորագլուխ Քրիստոսին ընտրելով՝ մենք հաղթեցինք, հառնեցինք, վերստին կյանքի կոչվեցինք, պայքարելու մեր ոգին նորոգեցինք և դարձյալ կանգնեցինք չարի կողմից եկող փորձությունների  առջև»։

Սրբազան Հայրն ընդգծել է, որ այսօր էլ անցնում ենք փորձությունների ճանապարհով և այսօր էլ Վարդանանց պատերազմի ոգեշնչող պատգամը հնչում է մեր ականջներին՝ հիշեցնելով հանուն հավատքի կատարած մեր ընտրությունը:
Վարդան եպիսկոպոսը հորդորեց հավատացյալներին ընտրել հավատքի նորոգությունը և ընթանալ Վարդանանց նահատակների զորավոր պատգամի ճանապարհով։

Սրբազան Հայրը նաև միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից շնորհավորել է Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվել է Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, շենացման և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար: