Իրանի դեսպանի կեցավայրը կլինի Ավանում. Կառավարությունը թույլատրեց Իրանին Հայաստանում հողամաս ձեռք բերել

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` ՀՀ քաղաքացի Լիլիթ Լևոնի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ավան Հ. Աճառյան փողոց 35/23 հասցեում գտնվող բնակելի տունը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար՝ դեսպանի կեցավայրի տեղակայման նպատակով:

«Հայաստանի և Իրանի միջև բարեկամությունն ունի դարերի պատմություն։ Այդ բարեկամության և երկկողմ համագործակցության հաստատման և զարգացման համար նոր հնարավորություններ և նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի անկախացումից հետո։ Երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունն ընթանում է էներգետիկայի, բնապահպանության, մշակույթի և այլ ոլորտներում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են փոխհարաբերություների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 180 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր, և արձանագրություններ:Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը բխում է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից»,-փաստաթղթի ուղեկցող գրության մեջ հիմնավորել է ՀՀ ԱԳՆ-ն։

Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի ՝ օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել կամ վարձակալել կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդունված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն` պահպանելով փոխադարձության սկզբունքը:

Նախագծով նաև ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարութան 2022 թվականի հուլիսի 28-ի «Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին» N 1148-Ա որոշումը, քանի որ համապատասխան գույքը ձետք չի բերվել ներկայացուցչյան կողմից: