Մատվիենկոն և Գաֆարովան անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված հարցերին

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպում է ունեցել Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Ադրբեջանի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։

Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելքի փուլում են։ «Երկրների համագործակցությունը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակի է»,- ասել է Մատվիենկոն, տեղեկացրել է ԴԽ մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի և Ադրբեջանի կապերի զարգացմանը հատուկ դինամիկա են հաղորդում նախագահները, որոնց խոստումներն աչքի են ընկնում վստահության և փոխըմբռնման բարձր աստիճանով, ավելացրել է ԴԽ խոսնակը։

Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները բնութագրվում են կայունությամբ և դինամիկությամբ։

Խորհրդարանական գծի վերաբերյալ Դաշնության խորհրդի ղեկավարը նշել է մշտական հանդիպումները տարբեր հարթակներում, այդ թվում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում և Միջխորհրդարանական միությունում։

Վալենտինա Մատվիենկոն և Սահիբա Գաֆարովան արդյունավետ են համարել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը։ Միլի մեջլիսի նախագահը կողմնակից է խորհրդարանականների փոխգործակցությանը կոմիտեների մակարդակով և վստահություն է հայտնել, որ այդ ձևաչափը դրականորեն կանդրադառնա խորհրդարանական ողջ գործունեության զարգացման վրա։

Հանդիպման մասնակիցներն ուշադրություն են հատկացրել ռուս-ադրբեջանական իրավապայմանագրային բազայի ամրապնդմանը։ Դաշնության խորհրդի ղեկավարի կարծիքով՝ անցած տարին արդյունավետ էր. ստորագրվել են 10 միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր, այդ թվում Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը։ «Դաշնակցային հարաբերությունների վառ օրինակ կծառայեր Ադրբեջանում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության բացումը»,- ավելացրել է Վալենտինա Մատվիենկոն։

Զրույցի կարևոր թեմա էին միջտարածաշրջանային փոխգործակցության հարցերը։ ԴԽ նախագահը նշել է, որ դրան մասնակցում են ռուսաստանյան ավելի քան 70 սուբյեկտներ, ընդ որում՝ 18 շրջաններ Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագրեր են կնքել։ Կապերի հետագա զարգացման տեսակետից, Դաշնային խորհրդի նախագահի կարծիքով, պահանջված հարթակ է ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումը։

Վալենտինա Մատվիենկոն հիշեցրել է հիշարժան օրերի մասին, որոնք նշանակալի են երկու երկրների համար և նշվելու են 2023-2024 թթ.՝ ականավոր պետական և քաղաքական գործիչ Հեյդար Ալիևի ծննդյան 100 և Բայկալ-ամուրյան մայրուղու շինարարության 50-ամյակները։ «Հեյդար Ալիևը դրել է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հիմքը և անմիջական մասնակցություն ունեցել համամիութենական նախագծի իրականացմանը»։ Այդ առնչությամբ նախատեսվում են մի շարք միջոցառումներ։

Անդրադառնալով երիտասարդների հետ կապերի ընդլայնման քաղաքականությանը՝ Վալենտինա Մատվիենկոն համատեղ նախագծերի կոչ է արել։ «Լավ սկիզբ է դարձել «Հիշողության գնացք» մշակութային-կրթական նախագիծը. ռուս և բելառուս դպրոցականներն այցելել են հիմնական քաղաքներ, որոնց պատմությունը կապված է Հայրենական մեծ պատերազմի հետ։ Ցանկանում ենք հետևողականորեն ընդլայնել աշխարհագրությունը և արդեն հաջորդ՝ 2024թ. կազմակերպել «Հիշողության գնացքը» Ադրբեջանի և Համագործակցության այլ երկրների դպրոցականների մասնակցությամբ»։

Դաշնության խորհրդի նախագահը նաև ադրբեջանական պատվիրակությանը հրավիրել է  այս տարվա մայիսին մասնակցել Նևայի 10-րդ հոբելյանական բնապահպանական կոնգրեսին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված հարցերին և Լաչինի միջանցքի շուրջ կատարվող աշխատանքին։