Հայտնաբերվել է շուրջ 94 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

Փետրվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 747 զանգ, որից 14-ը՝ տեխնածին, 25-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին՝ կատարելով փակված 6 դռան և 12 վերելակի բացում:

Ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի հովհարային անջատումների ժամերին չօգտվել վերելակներից, դրանով բացառել անցանկալի պատահարները:

Անցած շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային մեկ դեպք է գրանցվել Մարտունի քաղաքում: Տուժել է մեկ քաղաքացի: Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերջինս տեղափոխվել է բուժհաստատություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 5 ելք, տուժել է մեկ քաղաքացի:

Փետրվարի 11-ի գիշերը հրդեհ է բռնկվել է ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում։ Նախնական տվյալներով պահակը` Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Մ.Ղ.-ն, ստացած այրվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։

Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են մյուս բոլոր կանչերին և իրականացրել համապատասխան կանխարգելիչ գործողություններ:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 94 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: Շրջափակման պայմաններում ներքին կայունության ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն: